Ռուսաստանը հաղորդել է Իրանին C-300 համակարգերի մատակարարման պայմանագրի ուժի մեջ մտնելու մասին
Ռուսաստանի և Իրանի միջև հակաօդային պաշտպանության C-300 համակարգերի մատակարարման մասին պայմանագիրը մտել է ուժի մեջ, BBC գործակալության ռուսալեզու ծառայության հաղորդմամբ` այս մասին հայտարարել է «Ռոստեխ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը:
«Իրանին C-300-ների մատակարարման մասին պայմանագիրը կողմերը ոչ միայն ստորագրել են, այլ նաև այն մտել է ուժի մեջ»,-ասել է Չեմեզովը:
Չեմեզովը սակայն չի հստակեցրել, թե հակաօդային պաշտպանության համակարգի որ մոդիֆիկացիան է մատակարարվելու Իրանին:
Ավելի վաղ Dubai Airshow-2015 ավիացիոն-տիեզերական ցուցահանդեսի շրջանակներում ռուսական պատվիրակության ներկայացուցիչը հաղորդել էր, որ «Ալմազ-Անտեյ» կոնցեռնը, որը նշված պայմանագրի իրականացնող կողմն է, ի վիճակի է պայմանագրի ստորագրումից մեկուկես տարի հետո ապահովել C-300 համակարգերի արտադրությունը և մատակարարումը Իրանին:
Այս տարվա ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել էր Իրանին C-300 զենիթահրթիռային համալիրի մատակարարման արգելքը: