Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին չի բացառում ՀՀ ամուր ու փոխշահավետ հարաբերությունները ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ. դեսպան
ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև կա անվստահություն, բայց ԱՄՆ-ն հասկանում է, որ Հայաստանում Ռուսաստանի ներկայությունը նշանակալի է: Այսօր ԱՄՆ առաքելության արտաքին քաղաքական առաջնահերթություններին նվիրված ելույթում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:
«Հաճախ Հայաստանում ինձ հարցնում են, թե ինչպես է այդ անվստահությունն անդրադառնում հայ-ռուսական հարաբերությունների մասով մեր մոտեցումների վրա: Թույլ տվեք ասել, որ մենք հասկանում ենք, որ աշխարհագրական դիրքից ելնելով և պատմականորեն Հայաստանում ռուսական ներկայությունը նշանակալի է, և որ դուք ամուր պատմական կապեր ունեք: Ես կարծում եմ և հավատացած եմ, որ շատ հայեր նույնպես կարծում են, որ հայ-ռուսական հարաբերությունները և Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը չպետք է բացառեն ու չեն բացառում Հայաստանի ամուր ու փոխշահավետ հարաբերությունները ԱՄՆ-ի, Եվրամիության, և այլ հնարավոր գործընկերների, ինչպես նաև այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ ՆԱՏՕ-ն և Եվրախորհուրդը: Այս հարաբերությունները մեկը մյուսին չեն բացառում: Մեկի հաղթանակը դեռևս պատրություն չէ մյուսի համար», -ելույթում ընդգծել է դեսպան Միլզը: Նա գովելի է համարում այն, որ ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերում Հայաստանն ունի ազդեցիկ ու ընդլայնվող մասնակցություն:
«Հայաստանն անդամակցում է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին 1994թ.-ից, Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններում իր մասնակցության համար արժանացել է ՆԱՏՕ-ի ղեկավարության բարձր գնահատականին, իսկ վերջերս Հայաստանը հրապարակավ վերահաստատեց «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մինչև վերջ մասնակցելու իր պատրաստակամության մասին: Ողջունում ենք նաև Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության կազմում Լիբանանում ու հնարավոր ներկայությունը Մալիում», -հավելեց դեսպանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ