«Այո» ասելու համար Նախագծում կան դրույթներ, բայց վտանգներ էլ կան. Հերիքնազ Տիգրանյան
Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ բովանդակային քարոզչություն չի իրականացվում` ընդամենը հայտարարվում է, որ Նախագծի ընդունմամբ ամեն ինչ շատ լավ կլինի: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» կազմակերպության իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը:
«Ակտիվ քարոզչություն չի նկատվում, չնայած ձևավորվել է ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի «այո»-ի շտաբը և ընդդիմադիր որոշ տեսակետներ հայտնվում են, հնարավորություն տրվում է արտահայտվելու: Բայց բովանդակային քարոզչություն չեմ տեսնում, ընդամենը հայտարարվում է, որ շատ ավելի լավը կլինի, երկիրն ավելի պաշտպանված կլինի և այլն», -ասաց տիկին Տիգրանյանը:
Նրա խոսքով, իրենք մի քանի հասարակական կազմակերպությունների հետ միասին այցելություններ են կատարում մարզեր, բնակավայրեր, զրուցում մարդկանց հետ ու ներկայացնում Սահմանադրական փոփոխությունների նախագծի բովանդակային մասը` ինչն է մնում, ինչն է փոխվում, ինչ բարեփոխումներ են սպասվում:
«Մենք քարոզչություն չենք իրականացնում: Մենք մեր դիրքորոշումը հայտնում ենք ոչ թե «այո» կամ «ոչ» ասելու ֆոնի ներքո: Փորձում ենք ընդամենը մեկնաբանել նախագծի այն դրույթները, որոնք մենք գտնում ենք մտահոգիչ: Մարզային հանդիպում-քննարկումների ժամանակ իրազեկման աշխատանքներ ենք իրականացնում, մարդկանց բացատրում փոփոխությունների էությունը` ձեռնպահ մնալով «ոչ»-ի կամ «այո»-ի քարոզչությունից: Մենք ընդամենը փորձում ենք, որ ավելի գիտակցված, իրազեկված քվեարկություն կատարեն բնակիչները: Հասկանան` այս սահմանադրությունից իրենց եկող օգուտներն ու իրենց համար սպասվող բացասական վնասները», -ներկայացրեց իրավաբանը:
Ըստ Տիգրանյանի, Սահմանադրության փոփոխությունների նախագծում կան դրույթներ, որոնց համար կարելի է «այո» քվեարկել. «Մարդու իրավունքների բաժնում կան դրույթներ, որոնք առաջընթաց են. օրինակ, պետական մարմինները պարտավոր են պատշաճ վարչարարություն իրականացնել: Այսինքն` պաշտպանվում է քաղաքացու լսվելու իրավունքը: Ինչ դրույթներ մենք ունենք օրենքի մակարդակում, ասենք պետական մարմիններ-քաղաքացի հարաբերություններում, բարձրացվել են Սահմանադրության մակարդակ: Բայց նաև միաժամանակ նշվում է, որ որոշ իրավունքներ հատկապես սոցիալ-տնտեսական իրավունքը Սահմանադրությունից իջեցվել է օրենքների մակարդակ»:
Նրա խոսքով, մտահոգիչ է օրինակ, այն, որ պետության սահմանների փոփոխության հարցը դրվում է հանրաքվեի. «Եթե կա պետություն և ընտրված իշխանություններ, ապա ինչո՞ւ է այդ պատասխանատու հարցը որոշվում հանրաքվեի միջոցով, ինչո՞ւ է պետությունը խուսափում, եթե դրան էլ ավելացնենք ընտրությունների, հանրաքվեների նկատմամբ անվստահությունը, ապա հարց է ծագում արդյոք հանրաքվեի արդյունքը ցույց կտա իրական պատկերը: Ցավոք, մեզ մոտ ընտրություններն ու հանրաքվեները չեն արտահայտում բնակչության իրական տրամադրությունները»:
Ինչ վերաբերում է կառավարման համակարգի փոփոխությանը, որը նախատեսվում է Սահմանադրական փոփոխությունների նախագծով, ապա ըստ իրավաբանի, ինքն անձամբ կողմնակից է պառլամենտարիզմին, բայց առաջարկվող նախագծով ժողովրդավարությունից հետքայլ է կատարվում:
«Իմ կարծիքով, ներկայացվող նախագծում ժողովրդավարության հետքայլ է սպասվում, քանի որ ամեն ինչ փորձ է արվում կենտրոնացնել մեկ կուսակցության ձեռքում, իսկ մեկ արբանյակ կուսակցություն էլ մյուս կողմից: Այն, ինչ ունենք այսօր Ազգային ժողովում, ամրագրում ենք Սահմանադրության փոփոխությունների նախագծում, և դա ժողովրդավարությունից հետընթաց է: Բացի այդ, ուղղակի ընտրություններն են կրճատվում: Ամբողջությամբ համամասնականով ձևավորվող Ազգային ժողով, չկա նախագահի ընտրության ինստիտուտ, հանվում է համայնքի ղեկավարի ուղղակի ընտրության ինստիտուտը: Մի փոքր անհամադրելի է նախագծի 9-րդ հոդվածով նախանշված ժողովրդավարության սկզբունքների հետ: Այդ առումով որոշ մտահոգություններ ունեմ, որ պառլամենտարիզմը որպես դեմոկրատիայի լավագույն օրինակ մեր պարագայում աղավաղվում է», -հավելեց Տիգրանյանը:
Թեմային առնչվող հրապարակում`
Անգամ բռնապետական երկրների սահմանադրություններն են հումանիստական սկզբունքով. Բագրատ Սրբազան