Իրանական կայք. Իրանի «35 միլիոն ադրբեջանցիներից» քանի՞ հոգի մասնակցեց բողոքի ցույցերին
«Անջատողական ուժերը փորձեցին օգտվել Իրանի թյուրքախոս քաղաքներում անցկացված բողոքի ցույցերից»,-այդ մասին նշված է իրանական «Ազարիհա.օրգ» կայքում թողարկված հոդվածում:
Նշենք, որ Իրանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակվող հումորային հաղորդումներից մեկի ժամանակ ատրպատականցիների արժանապատվությունը վիրավորող դրվագներ են եղել, ինչն էլ հարուցել է Թավրիզի և Ուրմիայի թյուրքալեզու բնակչության զայրույթը՝ հանգեցնելով բողոքի ցույցերի:
Իրանական աղբյուրը, անդրադառնալով վերոնշյալ բողոքի ցույցերին և դրանք լուսաբանող արտասահմանյան ԶԼՄ-ներին, մասնավորապես նշում է. «Անջատողական ուժերը փորձեցին օգտվել Իրանի թյուրքախոս քաղաքներում անցկացված բողոքի ցույցերից, այն դեպքում, որ ողջ Իրանը, այդ թվում կրոնական փոքրամասնություն համարվող հայերը դատապարտեցին այդ հաղորդումը, սակայն ազգայնական և անջատողական ուժերը դեռ կոչ են անում, որ մարդիկ դուրս գան փողոց»:
Հոդվածի հեղինակը, անդրադառնալով բողոքի ցույցերին մասնակցած մարդկանց քանակին, գրում է. «Նրանք, որոնք Թավրիզը, հատկապես նրա շուկան լավ են ճանաչում, գիտեն, երբ որ ծաղրածուները հավաքվում են շուկայում, նրանց դիտելու համար նվազագույնը 300-400 մարդ է հավաքվում այնտեղ, իսկ երբ որ հայտարարվում էր, որ Թավրիզի շուկայի շրջակայքում բողոքի ցույց է տեղի ունեցել, անջատողական խմբավորումների ասած 35 միլիոն ադրբեջանցիներից քանի՞ հոգի մասնակցեց այդ բողոքի ցույցերին»:
Իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ «Ֆիթիլե» կոչվող հումորային հաղորդման ռեժիսոր Մոհամմադ Մոսլեմին, ներողություն խնդրելով կատարվածի համար, նշել է. «Ես ինքս թյուրքախոս ատրպատականցի եմ և պարծենում եմ դրա համար, հետևաբար ես ինչու՞ պետք է վիրավորեմ իմ ազգակիցներին»:
Իրանի կառավարության խոսնակի փոխանցմամբ էլ՝ նախագահ Հասան Ռոհանիին՝ որպես բոլոր էթնիկական խմբերի շահերի պաշտպան, կանգնած է նրանց կողքին:
Նշենք, որ Իրանի հյուսիսային նահանգների բնակչության մեծամասնությունը խոսում է ատրպատականյան թյուրքերենով, իսկ ազարի կոչվող լեզուն մինչև Իրանի հյուսիսային նահանգների թյուրքացումը, եղել է Ատրպատականի խոսակցական լեզուն. Ի դեպ, թյուրքացումը վերաբերում է միայն լեզվին, քանզի էթնիկական խոշոր տեղաշարժեր այդ տարածքներում երբևէ տեղի չեն ունեցել:
Ատրպատականի ժողովրդագրական պատկերը փոփոխության է ենթարկվել միմիայն լեզվի բնագավառում: Պատմական զարգացման ընթացքում հիշյալ տարածքում թյուրքացման գործընթացն ընթացել է սահուն` պայմանավորված լինելով թյուրքալեզու նվաճողների մի քանի ալիքների ներթափացմամբ:
Թեմայի առնչությամբ նախորդող հրապարակումը՝
Իրանի թյուրքախոս քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել