Հունաստանում անց է կացվում համազգային գործադուլ
Հունաստանում այսօր անց է կացվում համազգային մեկօրյա գործադուլ: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը, երկրի ամբողջ տարածքում կանկացվեն հակակառավարական բողոքի ակցիաներ:
Ամբողջ օրվա ընթացքում փակ կլինեն տեղական ինքակառավարման հաստատությունները, հիվանդանոցներն ու դեղատները: Փոփոխվել է հասարակական տրանսպորտի գործունեության գրաֆիկը, դադարեցվել են երկաթուղային և ծովային հաղորդակցությունները:
Չեղյալ են հայտարարվել շուրջ 30 ավիաթռիչքներ: Գործադուլ են հայտարարել նաև լրագրողները, որոնք լուսաբանելու են միայն բողոքի ակցիայի հետ կապված միջոցառումները: Գործադուլին իրենց աջակցությունը կցուցաբերեն նաև երկրի խոշորագույն արհմիությունները:
Նշենք, որ համընդհանուր գործադուլների նոր ալիքը Հունաստանում մեկնարկել է հոկտեմբերի վերջին: Բողոքի հիմնական պատառը երկրի վարկատուների հետ ստորագրված երրորդ համաձայնագիրը, ըստ որի Հունաստանի կառավարությունը իր վրա պարտավորություն է վերցնում իրականացնել տնտեսելու խիստ միջոցառումներ: Այս ամենի արդյունքում Հունաստանը կստանա վարկ 86 միլիարդ եվրոյի չափով:
Միջոցառումների շարքում առանձնանում են կենսաթոշակների և աշխատավարձերի նվազեցումը, ինչպես նաև հարկերի բարձրացումը: