Ի՞նչ է ցուցադրում «Իսլամական պետությունը» վերջին ահաբեկչական հարձակումներով
Ռուսական ինքնաթիռի և Փարիզի ահաբեկչական բռնարարքներում ստանձնելով պատասխանատվություն՝ «Իսլամական պետությունը» ցուցադրեց, որ որոշ փոփոխություններ է կատարում իր կողմից որդեգրած ռազմավարության և մարտավարության մեջ:
Եթե մինչ վերջին ահաբեկչությունները «Իսլամական պետությունը» կենտրոնացած էր մուսուլմաններով բնակեցված տարածքներում ջիհադական պայքարի վրա, ապա Փարիզի ահաբեկչությունը (այն առաջինն էր Եվրոպայում, որը կազմակերպվել էր ԻՊ-ի կողմից) ցույց տվեց, որ «Իսլամական պետության» ջիհադական պայքարի թիրախում հայտնվում են նաև արևմտյան երկրներն ու օբյեկտները:
Ի՞նչ է ցուցադրում «Իսլամական պետությունը» վերջին ահաբեկչական հարձակումներով.
1. Այդ բռնարարքներով «Իսլամական պետությունը» ուղերձ է հղում աշխարհին, որ ի զորու է ցանկացած պահի, և ցանկացած վայրում ահաբեկչություն իրականացնել:
2. Փարիզի ահաբեկչությունները ցույց տվեցին, որ «Իսլամական պետությունը» չի կաշկանդվում ահաբեկչական բռնարարքների տեսակների (մահապարտ ահաբեկիչների կիրառում (որոնց քանակով Փարիզի ահաբեկչությունն առանձնացավ մյուս ահաբեկչություններից), պատանդներ, կրակահերթեր և այլն) ու դրանց արդյունքում զոհերի քանակի մեջ:
Շատ կարևոր է, թե Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչության պլանավորումն ու իրականացման հրահանգն արդյո՞ք Սիրիայից է եղել (ասել է թե՝ «Իսլամական պետության» ղեկավար շրջանակից), թե այն ծրագրվել և իրականացվել է Եվրոպայում: Պարզ է, որ Փարիզի ահաբեկչությունը բավական լավ և երկարատև մշակված բռնարարք էր: Եթե այն իրականացվել է «Իսլամական պետության» եվրոպական բջիջների միջոցով, դա նշանակում է, որ հիշյալ բջիջներն ունեն նմանատիպ ահաբեկչություններ ծրագրելու և իրականացնելու բավարար ռեսուրս, որը չափազանց վտանգավոր է:
Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» կայանատեղիներին ուղղված ավիահարվածները և դրանց զուգահեռ իսլամականների դեմ ընթացող ցամաքային արդյունավետ գործողությունները նույնպես իրենց ազդեցությունն ունեցան ջիհադականների մարտավարության փոփոխության վրա:
Ինչքան հիշյալ օդային հարվածներն ինտենսիվ բնույթ ստանան, այնքան կավելանա իսլամականների կողմից մուսուլմանական աշխարհից դուրս ահաբեկչական գործողությունների հավանականությունը: Հետևաբար, պետք է զգոն լինել ու շարունակել պայքարը ԻՊ-ի դեմ և՛ մուսուլմանական աշխարհում, և՛ դրանից դուրս:
Արաբագետ՝ Սարգիս Գրիգորյան