Նախագահի հրապարակային «հիշեցումները» հասցեատերերին հաճելի չէին. Քաղաքագետ
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում դեկտեմբերի 21-ին Հայաստանի նախագահի ելույթը նախևառաջ առանձնանում էր հասցեական ուղերձներով՝ ուղղված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներին: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը:
Հիշեցնենք` Սերժ Սարգսյանը մատնանշելով թուրքական զինված ուժերի կողմից ռուսական ՍՈւ-24-ի խոցումը և դրան հաջորդած ՆԱՏՕ-ի արձագանքը, ասել էր. «Իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։
Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը»:
Մեկնաբանելով նիստում նախագահի ելույթը, Աբրահամյանը նկատեց, որ պատահական չէ, երբ նախագահը մատնանշում է Հունաստանի օրինակը ռուս-թուրքական զարգացումների համատեքստում: Նրա խոսքով, չնայած Հունաստանն ու Թուրքիան խորքային առումով շատ խնդիրներ ունեն, իսկ Հունաստանի ու Ռուաստանի հարաբերությունները ջերմ են, այդուհանդերձ Հունաստանը, որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն, իր անվերապահ աջակցությունը հայտնեց Թուրքիային:
«Իսկ ի՞նչ ունենք մենք. առաջնագծում տեղի ունեցող զինված բախումների դեպքում, տարբեր խողովակներով, անուղղակի հայտարարություններով ՀԱՊԿ անդամ որոշ երկրներն իրենց իներտությունը ցանկանում են պայմանավորել Ադրբեջանի հետ ունեցած ջերմ, բարեկամական հարաբերությամբ: Նույնը կարելի է ասել նաև Թուրքիայի մասով: Հասկանալի է, որ ցանկացած պետություն ունի իր արտաքին քաղաքական օրակարգը, քաղաքական գիծը, սակայն ՀԱՊԿ-ին անդամակցող ցանկացած պետություն պետք է հաշվի առնի կազմակերպության կանոնադրությունը, փոխադարձ պարտավորություններն ու դաշինքի անդամ մյուս երկրների շահերը», -ասաց Տիգրան Աբրահամյանը:
Քաղաքագետի դիտարկմամբ, այն սկզբունքները, որոնք դրված են ՀԱՊԿ-ի կազմավորման և գործունեության հիմքում, ենթադրում են նաև միջազգային հարթակներում փոխադարձ աջակցություն, ինչը նշանակում է, որ ՀԱՊԿ անդամ երկրները չպետք է միանան այնպիսի նախաձեռնությունների, որոնք «տրորում» են կազմակերպության մեկ այլ անդամի շահերը:
Մեր հարցին, թե ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի նախագահի հայտարարությունը, Աբրահամյանն ի պատասխան նախ նկատեց, որ նույնաբնույթ հայտարարություն Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ արել էր ու հավելեց. «Նախագահի հրապարակային «հիշեցումները» կազմակերպության կանոնադրությանը համահունչ գործելու մասին հասկանալի է, որ հասցեատերերի համար հաճելի չէին, մանավանդ, որ հստակ նշվում էր կանոնադրական հոդվածի խախտման մասին: Ամեն դեպքում կարծում եմ, որ կազմակերպության անդամ-երկրները անհրաժեշտ վերլուծություն-հետևություններ կանեն: Հակառակ դեպքում կազմակերպության դերակատարման և հեղինակության հետ կապված հարցադրումներ կառաջանան»:
Լրահոս
Տեսանյութեր
Որպես քաղաքական պատճառով հետապնդվող այստեղ կարող էր լինել նաև Հովիկ Աղազարյանը. Ռուբեն Մելիքյան