Օլիմպիական խաղերում Վարազդատ թագավորի հաղթանակի մասին անմիացիոն ֆիլմ է նկարահանվում
«Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիան այժմ աշխատում է «Օլիմպիկոս» լիամետրաժ ֆիլմի վրա, որը պատմելու է 4-րդ դարում Վարազդատ թագավորի օլիմպիական խաղերում հաղթանակի մասին: Panorama.am-ի հետ զրույցում ասաց ստուդիայի ղեկավար, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:
«Այն չի լինելու շատ լուրջ ֆիլմ: Լինելու է հումար, արկած, հատկապես որ պատմությունը քիչ է այդ փաստի մասին: Մենք ինքներս ենք հորինել մի պատմություն, որը, կարծում ենք, կլինի հետաքրքիր:
Որոշեցինք անդրադառնալ այս թեմային, քանի որ փաստը շատ կարևոր է, նաև ևս մեկ անգամ հիշեցնել հայ ազգին, Հայաստանի սահմաններից դուրս մեր թագավորի հաջողությունների մասին»,- նշեց նա՝ հավելելով, որ նման ֆիլմ ստեղծելու գաղափար դեռևս 2009-ին են ունեցել, սակայն չէին կարողանում գտնել ֆորմատը:
Դավիթ Սահակյանցը կարծում է, որ 2018 թվականի վերջում ֆիլմն արդեն պատրաստ կլինի ու մեծ էկրան դուրս կգա: Ֆիլմն արվում է պետական ֆինանսավորմամբ, նաև աջակցություն է ցույց տալիս «Շարմ հոլդինգ»-ը:
Օլիմպիական թանգարանում (Օլիմպիա քաղաքում) պահպանվել է հնագույն ժամանակների Օլիմպիական խաղերի հաղթողների մարմարե անվանատախտակը, որտեղ նշված է, որ Հայոց Վարազդատ Արշակունի թագավորը 394 թ-ին տեղի ունեցած վերջին Օլիմպիական խաղերում կռփամարտի (բռնցքամարտ) մրցումների հաղթողն է: Արդեն մեր ժամանակներում՝ 1998թ-ին Օլիմպիայում, որտեղ կայացել են հին հունական Օլիմպիական խաղերը, կանգնեցվել է նրա մարմարե կիսանդրին:
Խասելով «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն»-ի նկարահանած «Անահիտ» լիամետրաժ երաժշտական անիմացիոն ֆիլմի մասին, որը մեծ էկրան էր բարձրացել 2014-ի վերջին, Դ.Սահակյանցն ասաց, որ ֆիլմը մասնակցել է մի շարք փառատոների, արժանացել մրցանակների, ցուցադրվել է ֆրանսիական չորս քաղաքում՝ հայ համայնքի համար, նաև Հայաստանի մարզերում:
«Մեր սպասումներն այս մուլտֆիլմի հետ կապված, լիովին արդարացվել են: Միայն այն փաստը, որ մեկ տարի մնացել է էկրանին, արդեն խոսում է հաջողության մասին, քանի որ անիմացիոն ֆիլմերն այդքան երկար չեն մնում մեծ էկրաններին»,- նշեց նա:
Դ.Սահակյանցը տեղեկացրեց, որ առաջիկայում իրենք բացելու են անիմացիայի մանկական ստուդիա, որտեղ երեխաները հնարավորություն կունենան նկարահանել իրենց ֆիլմեր, կլինի նաև կինոթատրոն, որտեղ կցուցադրվեն անմիացիոն ֆիլմեր:
«Անցած տարի նախագահի հրահանգով մեզ տարածք է տվել այդ ստուդիայի համար: Այժմ պետք է գտնել ֆինանս մնացած փուլերի կազմակերպման համար: Մասնավոր սեկտորից մենք որևէ աջակցություն չունենք»,- ասաց նա:
Ըստ Դ. Սահակյանց,ի մշակույթի ցանկացած ճյուղ, որը հավատ է ներշնչում և կարելի է համարել կայացած, մասնավոր սեկտորի, պետության աջակցությունը պետք է ունենա:
Լրահոս
Տեսանյութեր
Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է. Ճարտարապետ