
«Զվարթնոց»-ում ձերբակալված Բահրեյնի քաղաքացին ազատ է արձակվել և չի արտահանձնվի. ԱՆ
Այս տարվա սկզբին «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի իրավապահների կողմից ձերբակալված, այնուհետև կալանավորված Բահրեյնի Թագավորության քաղաքացի Ռադհի Ֆադհել Աբբաս Ահմեդ Ալին ազատ է արձակվել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից:
Քաղաքացու հանձնաումը իր երկրի իրավապահներին իրականացվում է միջազգային պայմանագրերին համապատասխան, և քանի որ Բահրեյնի Թագավորության և Հայաստանի Հանրապետության միջև երբևէ չեն կնքվել և չեն գործում հանձնման կամ արտահանձնման վերաբերյալ միջազգային երկկողմ կամ բազմակողմ պայմանագրեր, հետևաբար, ինչպես տեղեկացնում են ԱՆ-ից, Բահրեյնի քաղաքացին չի արտահանձնվի իր երկրի իրավապահներին:
«Համապատասխանաբար, ՀՀ արդարադատության նախարարությունը, չունենալով Բահրեյնի Թագավորության քաղաքացի Ռադհի Ֆադհել Աբբաս Ալիին՝ Բահրեյնի Թագավորությանը հանձնելու համար անհրաժեշտ միջազգային պայմանագրային հիմք, առաջնորդվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54.1 գլխի համապատասխան դրույթներով, որոնցով կարգավորվում է քրեական գործերով իրավական օգնությունը միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 482-րդ հոդվածի՝ ՀՀ արդարադատության նախարարությունը կարող է ուսումնասիրել Բահրեյնի Թագավորության հանձնման միջնորդությունը դիվանագիտական ուղիներով հանձնումը փոխադարձության հիման վրա իրականացնելու մասին երկու պետությունների միջև համաձայնություն ձեռք բերելուց հետո:
Բահրեյնի Թագավորության իրավասու մարմիններից Ռադհի Ֆադհել Աբբաս Ահմեդ Ալիի հանձնման խնդրանքը ստացվել է ոչ դիվանագիտական ուղիներով, որի ուսումնասիրության արդյունքում դրանում հայտնաբերված մի շարք թերությունների մասին վերջիններս տեղեկացվել են: Հաշվի առնելով վերոգրյալը և ելնելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի բացակայությունից՝ ՀՀ արդարադատության նախարարը Ռադհի Ֆադհել Աբբաս Ալիի հանձնման միջնորդությամբ ՀՀ իրավասու դատարան չի դիմել:
Այսպիսով, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նշանակված 30-օրյա կալանքի ժամկետը լրանալուց հետո Ռադհի Ֆադհել Աբբաս Ալին ազատ է արձակվել. վերջինիս հանձնումը Բահրեյնի Թագավորության իրավասու մարմիններին որևէ այլ հիմքով՝ բացառվում է», -ասված է նախարարության պատասխանի մեջ:
Նշենք, որ Ահմեդ Ալին 2014թ. մայիսի 25-ից Բահրեյնի Թագավորության կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր ԲՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի, 179 հոդվածի, 277/1 հոդվածի, 409/1 հոդվածի, 414/1 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի ու 58 հոդվածի մեղադրանքով /սպանության փորձ, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառություն, հասարակական և մասնավոր սեփականության վնասում, զանգվածային անկարգություն և ահաբեկչություն/:
Լրահոս
Տեսանյութեր





