Ամերիկյան համալսարանը չեղյալ է հայտարարել Փաշինյանի հետ հանդիպումը
Հայաստանի Ամերիկյան համալսարանը չեղյալ է հայտարարել մարտի 10-ին կայանալիք ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը: Այդ մասին տեղեկացնում են Ամերիկյան համալսարանում Panorama.am-ի աղբյուրները:
Մերժման պատճառաբանությունը մոտավորապես այսպիսին է՝ ՀԱՀ-ը չի ցանկանում, որպեսզի առաջիկա ընտրություններում մասնակցող քաղաքական գործիչը համալսարանը դարձնի քաղաքական հարթակ:
Ամերիկյան համալսարանից փորձեցինք տեղեկություն ստանալ, սակայն նրանց մոտ աշխատանքային ժամն ավարտվել էր:
Ինքը՝ պատգամավորը, չի մեկնաբանում տեղեկությունը: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Փաշինյանի օգնական Հակոբ Սիմիդյանը փոխանցեց, որ իրենք ՀԱՀ-ից պաշտոնական տեղեկություն չեն ստացել հանդիպման չեղյալ հայտարարելու մասին, հետևաբար չեն կարող ասել՝ ինչու է չեղյալ հայտարարվել դասախոսությունը:
Նշենք, որ ավելի վաղ սոցիալական ցանցերում, ինչպես նաև հենց ՀԱՀ պաշտոնական կայքէջում տեղեկացվել էր, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը համալսարանի Ալեքս և Մարի Մանուկյան սրահում ունենալու է դասախոսություն, որի ժամանակ ներկայացնելու էր 21-րդ դարում կառավարման հայտնի ձևերը, խոսելու էր ժողովրդավարության սկզբունքների մասին: Բացի այդ, Փաշինյանը պատասխանելու էր նաև միջազգային քաղաքականութան և լրագրության մասին հարցերին: