Հիմքեր կան պնդելու, որ Արցախում ռազմական գործողություններում մասնակցել են ԻՊ գրոհայիններ. Պաշտոնական Ստեփանակերտ
Արցախում, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Այդ մասին Panorama.am-ին փոխանցեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նրա ներկայացմամբ, ադրբեջանական կողմը այսօրվա ընթացքում շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը և որոշ հատվածներում փորձել է ներթափանցել Արցախի Հանրապետության տարածք:
«Դա իհարկե, նրանց չի հաջողվել, ստացել է բավական ուժգին պատասխան: Ունի տասնյակ կորուստներ, խփվել է նրանց հինգ տանկ, ունեն 1 ոչնչացված անօդաչու սարք և տասնյակ վիրավորներ», -ներկայացրեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:
Պարոն Բաբայանը ուշագրավ տվյալներ հայտնեց՝ նշելով, որ իրենց ունեցած տեղեկություններով Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողություններին նրանց կողմից մասնակցել են բազմաթիվ վարձկաններ:
«Փաստերը իհարկե, ճշտվում են, բայց կան հիմքեր պնդելու, որ այդ վարձկանները մասնակցում են Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին: Դրանք հիմնականում գորշ գայլերն են ու կան հիմքեր պնդելու, որ Իսլամական պետության գրոհայինները ևս մասնակցում են ռազմական գործողություններին: Մի իրավիճակ կա, որը բնորոշ է վարձկաններին:
Գիտեք՝ մի դիվերսիոն խումբ օրեր առաջ ներթափանցել էր Թալիշ գյուղ և այնտեղ փաստորեն, շատ գազանաբար սպանվել էին երեք տարեց մարդիկ ու նրանց սպանությունը բնորոշ է այդ գազաններին, այդ վարձկաններին: Բացի այդ, Արցախին սահմանամերձ ադրբեջական բնակավայրերից սկսվել է մարդկանց զանգվածային փախուստ, նրանք խուճապի մեջ են: Ու այդ լքված տները վարձկանները ոչնչացնում են, վառում են թալանում են, որպեսզի գցեն հայկական կողմի վրա:
Կան նաև սպանության, բռնաբարության դեպքեր: Ունենք տվյալներ, որ Ադրբեջանում այդ կապակցությամբ վարձկանների ու տեղի բնակիչների միջև իրավիճակը լարված է: Այսինքն, մենք գործ ունենք ահաբեկչական, սադիստական պետության հետ, որը նույնիսկ սեփական ժողովրդի շահերի մասին չի մտածում», -ներկայացրեց Բաբայանը:
Այս պահի դրությամբ, նրա խոսքով, հայկական կողմում գերիների առկայության մասին հնարավոր չէ տվյալներ հրապարակել:
Ավելի ուշ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը հայտարարեց, որ հաստատված տեղեկությունների համաձայն, ադրբեջանական ստորաբաժանումների մարտունակությունն այնքան է ընկել, որ անգամ չեն կարողանում օգնել բազմամյա ահաբեկչական փորձ ունեցող վարձկանները:
«Ներկայումս այդ հատվածում Ադրբեջանը 1994թ. նման կիրառում է պատժիչ ջոկատներ, որոնք գնդակահարում են նահանջողներին», -նշել է նա: