Սերժ Սարգսյան. Ադրբեջանի զորատեսակները որևէ բնակավայր չեն մտել
Ադրբեջանական կողմի՝ նախապես մշակված սցենարով լայնածավալ մարտական գործողությունների առաջին իսկ ժամերից հակառակորդի թիրախ են դարձել նաև քաղաքացիական անձինք: ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Իրենց դպրոցի բակում զոհվել և ծանր վիրավորվել են երեխաներ: Իրենց տներում վայրագաբար սպանվել են տարեց մարդիկ` խաղաղ բնակիչներ, այդ թվում 92-ամյա բնակչուհի: Եվ դա արել է, այսպես կոչված, Ադրբեջանի դիվերսիոն հետախուզական խումբը, որովհետև Ադրբեջանի զորատեսակները որևէ բնակավայր չեն մտել: Ճիշտ է, այդ խումբը դեպքից անմիջապես հետո ոչնչացվել է, բայց փաստը մնում է փաստ: Այդ կադրերը երեկ հայտնվեցին նաև լրատվամիջոցներում. նայեք այդ կադրերը ու համադրեք դրանք «հանդուրժողականության կղզյակ Ադրբեջանի կազմում» Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պաշտպանելու մասին հարևան պետության ղեկավարի պարբերաբար հնչեցվող խոսքերի հետ»,-ասել է երկրի ղեկավարը:
Նախագահական նստավայր հրավիրված դեսպաններին նա հիշեցրել է, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում ադրբեջանական կողմը նախապես մշակված սցենարով դիմել է աննախադեպ սադրանքի Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ իրականացնելով լայնածավալ մարտական գործողություններ, կիրառելով սպառազինությունների ողջ համալիրը, այդ թվում՝ զրահատեխնիկա, ծանր հրետանի և օդուժ:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Մարտական գործողությունների հետագա սաստկացումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների
- ՀՀ նախագահ. Ադրբեջանը պետք է սկսի ուղիղ խոսել Ղարաբաղի իշխանությունների հետ
- ՀՀ նախագահ. Ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները՝ ամեն մետրի համար տալով մեկից ավելի զոհ
- ՀՀ նախագահ. Անհրաժեշտ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային կարողությունների զգալի ավելացում
- ՀՀ նախագահ. Եթե ռազմական գործողությունները շարունակվեն, ՀՀ-ն ճանաչելու է ԼՂ անկախությունը
- ՀՀ նախագահն այս պահին հանդիպում է ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ