Հայկական կողմի մոտ առկա են ադրբեջանական զինուժի կողմից կատարված գործողությունների մի շարք փաստեր. Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին:Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին մանրամասներ ներկայացրեց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նշվեց նաև, որ հայկական կողմի մոտ առկա են ադրբեջանական զինուժի կողմից կատարված գործողությունների մի շարք փաստեր, որոնք միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն ռազմական հանցագործություններ են:
Կարոլին Դույեզին իր հերթին նշեց, որ ԿԽՄԿ պատվիրակությունը պատրաստ է օժանդակել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի մոտ տեղակայված բնակավայրերի բնակչությանը, ինչպես նաև համապատասխան կերպով արձագանքել ու պատվիրակության իրավասության շրջանակներում միջոցներ ձեռնարկել` անհայտ կորած անձանց ճակատագրերի բացահայտման և զոհվածների աճյունների փոխանակման աշխատանքների իրականացման ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի գործողություններն ուղեկցվում են մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի զանգվածային խախտումներով. Շ.Քոչարյան
- Հանցագործություններ կատարած անձինք իրավական պատասխանատվության պետք է ենթարկվեն, այդ թվում՝ միջազգային հանրության առջև. ՀՀ ՊՆ