Սերժ Սարգսյան. Մարտական գործողությունների հետագա սաստկացումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների
Հայաստանի Հանրապետությունը` որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժեքորեն կատարել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման իր պարտականությունները: ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի փոխանցմամբ, ՀՀ նախագահն ասել է.
«Ավելին, ես հրահանգել եմ արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Եվ այստեղ պետք է նշեմ՝ մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը::
Մարտական գործողությունների հետագա սաստկացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի և անդառնալի հետևանքների՝ ընդհուպ մինչև լայնածավալ պատերազմի: Սա, բնականաբար, կազդի ոչ միայն հարավկովկասյան, այլև եվրոպական տարածաշրջանի անվտանգության ու կայունության վրա»:
Սերժ Սարգսյանի խոսքով, ակնհայտ է, որ թե ռազմական գործողությունների դադարեցումը և առհասարակ, հիմնախնդրի խաղաղ կարգավորումը բխում են նաև եվրոպական երկրների շահերից:
«ԵԱՀԿ-ին՝ որպես Եվրոպայի անվտանգության ապահովման երաշխավորման գործում առանցքային դերակատարություն ունեցող կառույցի, այս հարցում առանձնակի դեր է վերապահված»,-դեսպաններին հիշեցրել է երկրի ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահ. Ադրբեջանը պետք է սկսի ուղիղ խոսել Ղարաբաղի իշխանությունների հետ
- ՀՀ նախագահ. Ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները՝ ամեն մետրի համար տալով մեկից ավելի զոհ
- ՀՀ նախագահ. Անհրաժեշտ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային կարողությունների զգալի ավելացում
- ՀՀ նախագահ. Եթե ռազմական գործողությունները շարունակվեն, ՀՀ-ն ճանաչելու է ԼՂ անկախությունը