DW. Եթե Գերմանիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, Մերկելին կարող են մեղադրել ստորաքարշության մեջ
Մինչ հայերը նշում են մեծագույն ոճիրի 101-րդ տարելիցը, Գերմանիան դեռ չի կողմնորոշվել՝ արդյոք «Ցեղասպանությունը» այդ ամենը բնութագրելու ճիշտ եզրույթն է: Անդրադառմալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Գերմանիայում մեկնարկած քննարկումներին՝ գրում է «Deutsche Welle» պարբերականը:
Պարբերականը նկատում է, որ այս տարվա հունիսին Բունդեսթագում նախանշված Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քննարկումները կարող են բարդացնել Թուրքիայի հետ Գերմանիայի հարաբերությունները:
Շարունակելով, պարբերականը գրում է, որ երբ այս տարվա փետրվարին Գերմանիայի Կանաչների կուսակցությունը առաջարկեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև ընդունել, իշխող կուսակցությունը միայն համաձայնեց այդ ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնել, քանի որ դա այն ժամանակն էր, երբ կանցլեր Անկելա Մերկելը և նրա եվրոպացի գործընկերները միգրացիոն հոսքերի դեմն առնելու համար համաձայնությունների էին հասնում Թուրքիայի իշխանությունների հետ:
«Այն հանգամանքը, որ Գերմանիան և ԵՄ-ն արդեն Թուրքիայի հետ փախստականների հարցով պակտ են կնքել, որից ի դեպ Թուրքիայի պաշտոնյաները սպառնում են ամեն պահի հրաժարվել, էլ ավելի դժվարին դրության մեջ է դնում Մերկելի կառավարությանը: Ի նկատի ունենալով փախստականների և տեղահանված անձանց հարցում Թուրքիայի կարիքը Գերմանիայի համար, այնքան էլ պարզ չէ, թե հունիսին կայանալիք քվեարկությունը ինչ ընթացք է ստանալու: Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կնշանակի Մերկելի հասցեին մեղադրանքներ առ այն, որ նա ստորաքարշություն է անում Թուրքիայի առաջ»,- գրում է պարբերականը: