Ադրբեջանը՝ այլ ժողովուրդների մշակութային տարրերը յուրացնելու ճանապարհին
Ադրբեջանը փորձում է ինքնահաստատվել այլ ժողովուրդների մշակութային տարրերը սեփականացնելով, յուրացնելով։ Սեփական պատմությունն է կերտում ուրիշների ժառանգությունը սեփականացնելու ճանապարհով,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը:
Նա նշեց, որ այդ երկիրն այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար ներկայացրել է հայտ, որում նշել է մի քանի հացատեսակների, այդ թվում նաև լավաշի անունը: Ըստ նրա, հացն այնպիս մի մշակութային երևույթ է, որ արագ տարածում է ստանում իր ձևի և բովանդակության մեջ:
«Հայտը ներկայացրել են Թուրքիան և Ադրբեջանը համատեղ: Հայտում ներկայացրել են իրենց ժողովուրդների, իրենց պետությունների տարածքում տարածված տափակ հացը, օգտագործել են նաև լավաշ բառը: Իհարկե, պատրաստման տեխնիկան, տեխնոլոգիան, ձևն ու չափը բավականին տարբերվում են հայկական լավաշից: Բայց կրկին իրենց քաղաքականության ձևաչափն է»,- հավելեց մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալը:
Ե.Մարգարյանը հիշեցրեց, որ հայկական լավաշը դեռ 2014 թվականին է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում, թեև Ադրբեջանն ամեն ինչ արել է, որպեսզի այն չներառվի ցուցակում:
«2013 թվականին Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառման նպատակով ներկայացրել էր մեր լավաշ հացատեսակը: Հայտը սահմանված կարգով բոլոր քննարկումների փուլերն անցել էր, ստացել վեց փորձագետի դրական եզրակացությունները, համապատասխանում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտի ներկայացման ձևաչափերին, լիարժեքորեն բխում և համապատասխանում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի պահանջներից և նպատակներից:
Հայտի քննարկման ընթացքում արդեն իսկ հարևան պետությունը հիստերիա էր բարձրացրել, որ լավաշը նաև իրենցն է: Նրանք փորձեցին ձախողել հայկական հայտի ընդունումը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային հարթակը դարձնելով քաղաքական հակամարտության թատերաբեմ: Իհարկե, դա նրանց չհաջողվեց: Սակայն նրանք իրենց ժողովրդին խաբելու քաղաքականությունը շարունակեցին, ապատեղեկատվություն տարածեցին, թե իրենց ջանքերի շնորհիվ հայկական հայտը չի ընդունվել, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում չի ներառվել: 2014-ին հայական հայտն ընդունվեց, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում բոլորն էլ կարող են տեսնել»,- ասաց Ե.Մարգարյանը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում արդեն ներառված է Հայաստանի կողմից ներկայացված չորս մշակութային արժեք՝ «Դուդուկն ու իր երաժշտությունը», «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը», «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսը, «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները