Հռոմի Պապի Հայաստան կատարած այցի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում սիրիահայերի հետ
Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից :
Սփյուռքի նախարարը ցավով նշել է, որ նախորդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում տասնյակ զոհեր ենք ունեցել Սիրիայում, և ծանր կորուստներ Ղարաբաղյան մարտական գործողությունների ընթացքում:
Նիստը սկսելուց առաջ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի առաջարկով ներկաները 1 րոպե լռությամբ հարգել են վերջին օրերին Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում զոհված մեր հայրենակիցների հիշատակը:
Երևանաբնակ սիրիահայերի սոցիալական աջակցության ծրագրերի մասին զեկուցումով հանդես է եկել Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Նա հանգամանորեն ներկայացրել է 2012- 2016թթ. երևանաբնակ սիրիահայերի սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքները:
Սփյուռքի նախարարը կարևորել է սիրիահայերի հարցերով զբաղվող բոլոր կազմակերպությունների համաձայնեցված, նպատակային և արդյուանավետ աշխատանքը:
Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ 2015 թվականին կատարված և 2016 թվականին նախատեսվող աշխատանքային ծրագրերը ներկայացրել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլյա Նիկոյանը, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ–ի սիրիահայերի աջակցության ծրագրերի ղեկավար Լուսինե Ստեփանյանը:
Ամփոփելով նիստը՝ սփյուռքի նախարարը շնորհակալություն է հայտնել սիրիահայերի հարցերով զբաղվող կազմակերպություններին, արժևորել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել արք. Մինասյանի հոգածությունը սիրիական պատերազմի առաջին օրերից մեր հայրենակիցներին պատսպարելու, նրանց ինտեգրման, սոցիալական խնդիրները կարգավորելու ուղղությամբ կատարած աշխատանքը:
Անդրադառնալով սիրիահայ երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու հարցերին՝ նախարարը կոչ է արել գերատեսչություններին, հասարակական և բարեգործական կազմակերպություններին քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ և հնարավություններ ստեղծել երեխաներին ճամբարներում տեղավորելու համար:
Նախարարը նշել է, որ հունիսի 22-24-ը Հայաստանում հյուրընկալվելու է Հռոմի Պապը, նախատեսվում է նաև հանդիպում սիրիահայերի հետ և պետք է հավուր պատշաճի կազմակերպել այդ հանդիպումը:
Նիստի վերջում նախարարը նշել է. «ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նյու Յորքում հանդիպումներ եմ ունեցել փախստականների և միգրանտների հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի տեղակալ Ֆ. Հոչիլդի և ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի Նյու Յորքի գրասենյակի տնօրեն Ն. Քելիի հետ, և պետք է ձեզ փոխանցեմ նրանց գոհունակությունը Հայաստանում սիրիահայերի խնդիրերի լուծման ուղղությամբ տարված աշխատանքների վերաբերյալ: Հայաստանը համարվում է փախստականներ ընդունող երկրի լավագույն օրինակ: Հայաստանը որպես դրական օրինակ ներկայացվելու է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի նիստում: Մենք պետք է շարունակենք նույն ձևաչափով առավել արդյունավետ աշխատել: Սիրիահայերը դարձել են մեր հասարակության լիիրավ անդամ և պետք նրանց ուժերը, գիտելիքները, հմտություններն օգտագործենք Հայաստանի զարգացման, սոցիալ-տնտեսական խնդիրները հաղթահարելու գործում»: