Իրանցի նախարարը եվրոպացի պաշտոնյային է ներկայացրել Հայաստանի էներգետիկ կարողությունները
Իրանը պատրաստ է էներգետիկայի ոլորտում համագործակցել Եվրոպայի հետ,-իրանական «ԻԼՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանցի նախարարը Էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակի հետ հանդիպմանը, քննարկելով էներգետիկայի ոլորտում Իրանի և Եվրոպայի համագործակցության հնարավորությունները, մասնավորապես նշել է. «Եթե Եվրոպան կարիք ունենա, ապա Իրանի էներգետիկայի նախարարությունը պատրաստ է էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցել»:
Նախարար Չիթչիանը տեղեկացրել է, որ ներկայում Իրանը հարևան յոթ երկրի հետ համագործակցում է էլեկտրաէներգիայի փոխանակման ոլորտում:
Իրանի էներգետիկայի նախարարը, խոսելով Հայաստանի էներգետիկ կարողությունների մասին, հավելել է. «Վերջերս համաձայնություն ձեռք բերեցինք, ըստ որի՝ Հայաստանի և Վրաստանի էլեկտրական ցանցերի միջոցով Իրանը կկարողանա կապվել Ռուսաստանի հետ: Ներկայում Իրանի և Հայաստանի միջև գործում է էլեկտրահաղորդման երկու գիծ, երրորդի շինարարությունն ընթացքի մեջ է»:
Հավելենք, որ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գիծը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2018թ.: Իրանի արտահանման և զարգացման բանկը («Սադերաթ) հայտարարել է, որ 107 մլն եվրո արժողությամբ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունն ավարտին հասցնելու նպատակով 83 միլիոն եվրո գումար կհատկացնի:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Իրան–Հայաստան 400կՎ երկշղթա օդային գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը մոտ 279 կմ է: Ծրագրի նպատակն է նաև միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը: Վերոհիշյալ ենթակառուցվածքների զարգացումը ուղղված է ՀՀ-ի տարածաշրջանային և միջտարածաշրջանային ինտեգրման համար՝ Հայաստանով տարանցիկ փոխադրումների միջոցով էներգակիրների սեզոնային հյուսիս-հարավ (Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Իրան) փոխանակումներն ապահովելու համար: