Հայկ Խանումյանը ղալաթ ա անում. Սամվել Բաբայան
ԼՂՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանին ծեծել են, ստիպել գրել, որ Սամվել Բաբայանն է գումար տվել, որպեսզի կազմակերպեր երեկվա հավաքը: Այս մասին Հայկ Խանումյանին Ստեփանակերտի հիվանդանոց այցելելուց հետո «Ազատություն» ռադիոկայանին ասել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը:
«Սխալն այն է, որ համարում եք իմ շահերից է: Ես որևէ շահ չունեմ: Պարզ հայտարարել եմ, որ ես որևէ քաղաքական պաշտոն, և այլ, և այլ՝ չկամ: Բա ի՞նչ շահերի մասին է խոսքը: Այն բանը, որ իրենք կազմակերպում են իրենց ժողովրդի շահերի համար, պետք չէ պարոն Բաբայանի շահերից խոսել»:
Լրագրողի դիտարկմանը, թե Ստեփանակերտում հավաքի ժամանակ Հայկ Խանումյանը հայտարարեց, որ ստորագրահավաք են առաջարկում անցկացնել՝ պահանջելով Սամվել Բաբայանի վերադարձը, ինչին Ս. Բաբայանը արձագանքեց. «Հայկ Խանումյանը ղալաթ ա անում, որ առաջարկում ա, որ ինձ պաշտպանության նախարար նշանակեն։ Որ խնդրեն էլ պարոն Բաբայանին, պարոն Բաբայանը պաշտպանության նախարար չի ուզում»։
Հայկ Խանումայնի առողջական վիճակը, ըստ Ս. Բաբայանի, շատ նորմալ է, ապա հավելել է. «Ծեծված մարդ է էլի, ի՞նչ առողջական վիճակ: Շատ կոնկրետ ասում է՝ քանի հոգով, ինչ են ստիպել գրել, ստորագրել տվել»:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Արցախի ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունը հաղորդում էր ստացել ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու մասին: Ոստիկանությունից փոխանցել էին, որ կատարվում է քննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հայկ Խանումյանը ծեծի հետևանքով տեղափոխվել էր Ստեփանակերտի հիվանդանոց:
Հայկ Խանումյանը իրեն ծեծելու վերաբերյալ գրել էր ֆեյսբուք սոցիալական կայքում.
«Ինձ ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են թելադրել, որը ես գրել եմ և ստորագրել, ինչպես նաև վիդեո են սարքել, որտեղ պահանջել են նշել, որ երեկվա դեպքերը սխալ են եղել: Ուզում եմ ասել, որ թղթի ստորագրումը և վիդեոն եղել են տակտիկական քայլ` բեսպրեդելի ձեռքից ազատվելու համար, նամանավանդ, որ արդեն կոտրված էին կողերս, քիթս, այտոսկրս և այլն: Վիդեոն և թուղթը իրենցից ոչ մի ուժ չունեն, քանզի իմ կողմից դրանք արվել են ուժեղ ցավերի և սպառնալիքների տակ»:
Հարակից հրապարակումներ`
- ԼՂՀ ԱԺ խմբակցություններ. Հայկ Խանումյանի նկատմամբ բռնությունը լուրջ հարված է Արցախում ձևավորված ժողովրդավարական սկզբունքներին
- Հայկ Խանումյանը՝ իրեն ծեծելու մասին
- Հայկ Խանումյանի կյանքին վտանգ է սպառնում. Փոստանջյան
- Սամվել Բաբայանի ունեցած փորձը օգտագործելու անհրաժեշտություն կա. Ռուստամյան
- Քաղաքական ենթատեքստ չկա, այդ մարդը ուղղակի անհավասարակշիռ է. Դավիթ Բաբայան
- Ստեփանակերտի ոստիկանությունը պատգամավորին ծեծելու վերաբերյալ հաղորդում է ստացել