Նադեժդա Սավչենկո. Կրեմլի կողմից ինձ ազատելը ցինիզմի, այլ ոչ թե հումանիզմի դրսևորում էր
Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն Ռուսաստանի իշխանությունների կողմից Ուկրաինաին արտահանձնվելուց հետո հարցազրույց է տվել «BBC»-ի ռուսական գործակալությանը և նշել է, որ իրեն հայրենիքում անհամեմատ ավելի լավ է զգում:
Անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե իրեն Ուկրաինային արտահանձնելու որոշումը հումանիստական քայլ էր Կրեմլի կողմից, Սավչենկոն պատասխանել է.
«Ես կասեի, որ դա ցինիզմի դրսևորում է, այլ ոչ թե հումանիզմի: Ինձ առևանգել են, պարկի մեջ անցկացրել են սահմանը, նետել են բանտ և հետո մեղադրանք են ներկայացրել ինձ, իբր ես ապօրինի կերպով հատել եմ սահմանը: Ինչո՞վ են ռուսական հատուկ ծառայությունները լավ «Իսլամական պետության» ահաբեկիչներից: Նրանք նույն կերպ են վարվում բոլոր ուկրաինացիների հետ»,-նշել է Սավչենկոն՝ միաժամանակ ընդգծելով, թե հնարավորություն է տեսնում ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորման համար, միայն թե դա կարող է լինել Կրեմլում իշխանափոխությունից հետո:
«Մարդիկ հավերժ չեն, նախագահները ևս: Ես տեսնում եմ Ռուսաստանում ուրիշ նախագահի, ուրիշ քաղաքականություն, ես տեսնում եմ ռուսաստանցիների, որոնք աշխատելու են իրենց երկրի բարօրության համար: Ռուսաստանն ունի նման մարդիկ, դա այնտեղի ընդդիմությունն է: Ես տեսնում եմ, որ ապագայում նրանց հետ հնարավոր է համագործակցել»,-նշել է Սավչենկոն: