Ալեքսիս Ցիպրաս. ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները արդյունք չեն տվել
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հանդես եկավ «ավելի լավ Եվրոպա ու Եվրոպայի քաղաքացիների համար նոր ու ոգեշնչող տեսլական» ստեղծելու կոչով։ Ելույթի մասին պամում է Panorama.am-ի թղթակիցը։
Ալեքսիս Ցիպրասն իր ելույթում նշեց, որ Եվրոպան կանգնած է քաղաքական ու սոցիալական ճգնաժամի առաջ, իսկ տնտեսական ճգնաժամն «արթնացրել է պոպուլիզմի հրեշին», որը ոտնահարում է Եվրոպական արժեքները։
Լուծումը մի նոր սոցիալական պայմանագիրն է, որը կարող է ուժեղացնել ժողովրդավարությունն ու պայքարել անհավասարության դեմ,-ասաց վարչապետը՝ վկայակոչելով Եվրոպայի խորհրդի վերանայված Սոցիալական խարտիան` որպես կայուն ուղի ժողովուրդների ու երկրների համար։
Ալեքսիս Ցիպրասը նաև խոսեց միգրացիոն և փախստականների ճգնաժամի հետևանքների հետ կապված՝ Հունաստանի կողմից իրականացվող մեծ ջանքերի մասին ու կոչ արեց Եվրոպական երկրներին կիսել այս ճգնաժամի բեռը։
Ցիպրասը նաև Մեծ Բրիտանիային կոչ արեց մնալ Եվրամիության կազմում, բայց և հավելեց, որ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի հանրաքվեի արդյունքը՝ Եվրոպայի ապագայի համար անհրաժեշտ է թարմ տեսլական։
Անդրադառնալով Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին՝ Ցիպրասը նշեց, որ համոզված է, որ չի կարելի վերադառնալ Սառը պատերազմին, ինչպես նաև համոզված է, որ այն, ինչը հակասում է միջազգային իրավունքին, պետք է դատապարտվի։
«Այնուամենայնիվ, մենք պետք է գտնենք միասին աշխատելու ուղիներ՝ երկխոսության և բանակցությունների միջոցով հաստատելով համաձայնագիր ու հարցերը համահոնչ դարձնել միջազգային իրավունքին։ Մինչև հիմա այս պատժամիջոցներն արդյունավետ չեն եղել, և, իմ կարծիքով, մենք չենք կարող խոսել Եվրոպայում ընդհանուր անվտանգության ճարտարապետության մասին՝ առանց Ռուսաստանին ներառելու»,-ասաց Ալեքսիս Ցիպրասը՝ նշելով, որ անհրաժեշտ է քայլ առ քայլ իրականացնել Մինսկի համաձայնագիրը, որը կլինի առաջին քայլը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու և ԵՄ-ի ու ՌԴ-ի միջև հարաբերությունների բարելավման համար։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում