«Մասնագիտական շրջանակների և քաղաքացիական հանրության կարծիքն անտեսվել է». Ճարտարապետների միություն
Հայաստանի Ճարտարապետների միությունը հայտարարություն է տարածել «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի հետ կապված.
«Արդեն 15 տարի է, ինչ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումը անհատույց տրամադրվել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը: Կառավարման պայմանագրով` Հայաստանի կառավարությունը իր վրա վերցրեց բազմաթիվ պարտավորություններ, կառավարիչ կազմակերպության վրա դնելով միայն մեկ պարտավորություն` պահպանել և արդիականացնել «Զվարթնոց» օդանավակայանի համալիրը:
Պայմանագրի գործողության գրեթե առաջին օրերից կառավարիչը առաջ քաշեց իր կառավարման տակ գտնվող «Զվարթնոց» օդանավակայանի շենքի ապամոնտաժման հարցը: Տարիներ շարունակ ՀՀ հանրային խորհուրդը, Հայաստանի ճարտարապետների միությունը, «Հայնախագիծ» ՓԲԸ-ն, Ճարտարապետների միջազգային և համահայկական միավորումները, «Զվարթնոց» օդանավակայանի ճարտարապետական նախագծի հեղինակները, նրանց ժառանգները, քաղաքացիական հանրությունը բազմիցս հանդես եկան պահպանելու «Զվարթնոց» օդանավակայանի համալիրը, որպես միջազգային և հայկական ճարտարապետության արժեք՝ հաջորդ սերունդներին փոխանցելու համար:
Հեղինակավոր մասնագիտական կազմակերպությունները բազմաթիվ կոչերով դիմել են Հայաստանի Հանրապետության կառավարությանը, խնդրանքով`թույլ չտալ օդանավակայանի շենքի ապամոնտաժումը: Այս հարցով տեղի են ունեցել բազմաթիվ հանրային քննարկումներ և ճարտարապետների կողմից արվել են համալիրի ֆունկցիոնալ նշանակությունը պահպանելուն, վերօգտագործմանն ուղղված առաջարկներ և նախագծեր: Ցավոք, դրանք անտեսվել են: Բոլորը միակարծիք են, որ Հայաստանի խորհրդանիշներից մեկը հանդիսացող ճարտարապետական արժեքն անհրաժեշտ է պահպանել` վերօգտագործման նպատակով:
«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ներկայումս կատարվող քանդման աշխատանքները թույլ են տալիս եզրակացնել, որ մասնագիտական շրջանակների և քաղաքացիական հանրության կարծիքն անտեսվել է, իսկ «Զվարթնոց» օդանավակայանի պետական համալիրի ոչնչացումը կառավարիչի համար ինքնանպատակ է դարձել:
Ճարտարապետների միությունը անընդունելի է համարում Զվարթնոց օդանավակայանի տարածքում ներկայումս իրականացվող քանդման աշխատանքները և պահանջում է.
– անհապաղ դադարեցնել քանդման աշխատանքները,
-- ստեղծել մասնագիտական հանձնաժողով՝ Հանրային խորհրդի, Ճարտարապետների միության,
Քաղաքաշինության նախարարության, Գույքի կառավարման վարչության և այլ շահագրգիռ մարմինների հետ համատեղ՝ շենքի վիճակը գնահատելու և նրա վերօգտագործման հնարավորությունների պարզաբանման նպատակով»:
Հարակից հրապարակումներ`
- Պարզ եղանակով հնարավոր է արդիականացնել և շահագործել «Զվարթնոց»-ի կլոր համալիրը. Ճարտարապետ
- Ամբողջությամբ և լիարժեք կարելի է օգտագործել «Զվարթնոց»- կլոր շենքի ողջ տարածքը. Ա.Թարխանյան
- Ժորժ Շեխլյանը «Զվարթնոց»-ի կլոր մասնաշենքի վերագործարկման նախագիծը կոնցեսիոների հետ չի քննարկել
- Պետք է լինի հանրության և պետության կողմից հաստատված նախագիծ. Գրիգոր Ազիզյան
- Կոպիտ ասած, «Զվարթնոցի» սեյսմիկ վտանգավորության եզրակացությունը պատվեր է. Գ.Ազիզյան
- Ռուբեն Բաբայան. Եթե միայն «Զվարթնոցի» աշտարակը մնա, պոմպակայանի տպավորություն է թողնելու