Կանանց կացնահարելու կասկածանքով ձերբակալված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանին՝ Կարինե Մանսուրյանի սպանության, Թագուհի և Վաչագան Մանսուրյանների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար։ Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ հուլիսի 08-ին, ժամը 04-ի սահմաններում, Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի աստիճանահարթակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 31-ամյա Վ. Մարտիրոսյանը կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել Կարինե, Թագուհի և Վաչագան Մանսուրյանների մարմնի տարբեր մասերին, որի արդյունքում 64-ամյա Կարինե Մանսուրյանը մահացել է:
Կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Վ. Մարտիրոսյանը, լարված փոխհարաբերությունների մեջ գտնվելով իր նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի և վերջինիս ծնողներ Վաչագան ու Կարինե Մանսուրյանների հետ, հուլիսի 08-ին՝ ժամը 04-ի սահմաններում, վիճաբանել է նրանց հետ, որի ընթացքում կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել Կ. Մանսուրյանի մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով վերջինս մահացել է։
Նույն վիճաբանության ժամանակ կացնով բազմաթիվ հարվածներ են հասցվել նաև Թագուհի և Վաչագան Մանսուրյանների մարմնի տարբեր մասերին, սակայն վիճաբանությանը միջամտել է հարևանը, ով լսելով ձայները՝ դուրս է եկել աստիճանահարթակ և բռնելով Վ.Մարտիրոսյանին՝ կանխել նրա գործողությունները։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վ.Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ «սպանություն» և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «սպանության փորձ»: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
- Դա երեխայի կռիվ չէր, դա փողի կռիվ էր. Փաստաբանը՝ կացնահարման դեպքի մասին
- Երևանում կատարված դաժան սպանության փաստի առթիվ քրգործ է հարուցվել
- Դաժան սպանություն Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ