Բիբերը հրաժարվել է հինգ միլիոն դոլարով ելույթ ունենալ հանրապետականների համար
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը մերժել է ԱՄՆ Հանրապետական կուսակցության առաջարկը՝ ելույթ ունենալ իրենց միջոցառման ժամանակ: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը: 45-րոպեանոց համերգի համար երգչին առաջարկել են 5 միլիոն դոլար հոնորար՝ Բիբերի կարիերայի ընթացքում ամենաշատը:
Երգիչն անմիջապես չի ընդունել այս որոշումը: Հրավիրող կողմը հաստատել է, որ համերգը քաղաքական երանգ չի ունենալու, և Բիբերը չի ընկալվի երգիչ, ով աջակցում հանրապետականների կողմից առաջադրված ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին: Երգչի մենեջերը, ով ԱՄՆ նախագահի մեկ այլ թեկնածու՝ Հիլարի Քլինթոնի աջակիցն է, սկզբում առաջարկել է Բիբերին համաձայնվել՝ հաշվի առնելով հոնորարը, բայց պահանջել է, որ բեմը զարդարված լինի Black Lives Matter («Սևամորթների կյանքը նշանակություն ունի») շարժման գովազդային վահանակներով: Համերգի կազմակերպիչները մերժել են պահանջը՝ հայտարարելով, որ համաձայն են միայն կարգախոսին՝ All Lives Matter («Բոլոր մարդկանց կյանքը կարևոր է»):
Արդյունքում մենեջերը համոզել է Բիբերին հրաժարվել համերգին մասնակցելուց՝ ասելով, որ եթե երգիչը ելույթ ունեն, նա այլևս չի աշխատի իր հետ:
ԱՄՆ-ում նախագահական համընդհանուր ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին: