«ԷլեկտրիկԵրևան»-ի գործով լրագրողներին խոչընդոտելու համար 4 ոստիկաններ կանգնած են դատարանի առաջ
Մեկ տարի առաջ Երևանի կենտրոնում՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ, որն ստացել էր «ԷլեկտրիկԵրևան» անվանումը, լրագրողների գործունեությունը խոչընդոտած չորս ոստիկաններ կանգնած են դատարանի առաջ:
Դատական տեղեկատվական համակարգից Panorama.am-ը տեղեկանում է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գնդի ծառայության ավագ տեսուչ, կապիտան Կոստան Բուդաղյանը, նրա ծառայակիցներ Տաճատ Նորատունկյանը և Արթուր Այվազյանը և փոխգնդապետ Դավիթ Սամվելի Փերիխանյանը, լինելով պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ 2015թ. հունիսի 23-ին Ազատության հրապարակում խոչընդոտել են «Ֆոտոլուր»լրատվական գործակալության ֆոտոլրագրող Հայկ Բադալյանի մասնագիտական օրինական գործունեությանը և ապօրինաբար նրան բերման ենթարկել՝ խոչընդոտելով վերջինիս աշխատանքը:
Բացի այդ, խոչընդոտել են «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Խաչատուր Եսայանի մասնագիտական օրինական գործունեությանը, ինչպես նաև Աշոտ Բոյաջյանի, լրագրող Արթուր Պապյանի մասնագիտական օրինական գործունեությանը:
Տաճատ Նորատունկյանին, Արթուր Այվազյանին, Կոստան Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնատար անձի կողմից, պաշտոնական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը:
Նրանց գործընկերոջ՝ Դավիթ Փերիխանյանին առաջադրվել է մեղադրանք երկու հոդվածով՝ Քր. Օր.-ի164-րդ հոդվածի 1-ին մասով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, և 185-րդ հոդվածի 1-ին մասով՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների իրավասության դատարանում է քննվելու այս գործը, իսկ նախագահող դատավոր է Արշակ Վարդանյանը: Առայժմ հայտնի չէ առաջին դատական նիստի օրը:
Շուրջ մեկ տարի այս քրեական գործով նախաքննությունը կենդանության նշաններ ցույց չէր տալիս և միայն հուլիսյան դեպքերից հետո, երբ լրագրողների դեմ ոստիկանների կողմից դարձյալ բռնությունների կիրառվեցին, Հատուկ քննչական ծառայությունը սկսեց տեղից շարժվել:
Նախաքննության ընթացքում պարզվել էր, որ լրագրողների նկատմամբ հատկապես առանձնակի դաժան վերաբերմունք է ցուցաբերել ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը, քաղաքացիական հագուստով գտնվելով Երևանի Ազատության հրապարակում, խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը կատարող, տեսանելի ձևով լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող՝ «Ուտոպիանա.ամ» մշակութային ստեղծագործական ՀԿ-ի «ACTV» առցանց հեռուստաընկերության լրագրող Աշոտ Բոյաջյանի լրագրողական աշխատանքին՝ նրանից խլել է ընկերությանը պատկանող, «Canon EOS 6D» մոդելի թվային ֆոտոխցիկը և մի քանի անգամ հարվածելով գետնին՝ դիտավորությամբ վնասել այն՝ «Ուտոպիանա.ամ»-ին պատճառելով 485 հազ. ՀՀ դրամի գույքային վնաս:
Բացի այդ, Դ. Փերիխանյանն այդ ժամանակ դիտավորությամբ խոչընդոտել է Ազատության հրապարակում լրագրողի իր մասնագիտական օրինական գործունեությունը կատարող՝ «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի լրագրող Արթուր Պապյանի լրագրողական աշխատանքին՝ նրա ձեռքից խլել է ռադիոկայանի սեփականությունը հանդիսացող «Samsung GT-I9500/Galaxy S4 16GB» մոդելի բջջային հեռախոսն ու անտեսելով լրագրող լինելու մասին նրա հավաստիացումները՝ հեռախոսը մի քանի անգամ հարվածել է գետնին, վնասել այն՝ պատճառելով գույքային վնաս:
Հարակից հրապարակումներ`
- «ԷլեկտրիկԵրևան». Հաստատվել է, որ ոստիկանները խոչընդոտել են լրագրողներին, գործը կուղարկվի դատարան
- «ԷլեկտրիկԵրևանի» հետքերով. Լրագրողին խոչընդոտելու համար ևս երկու ոստիկանի մեղադրանք է առաջադրվել