Տավուշի մարզում խաղողի մթերման գինը կլինի 130 դրամ
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Տավուշի մարզ` խաղողի մթերման սեզոնին ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքներին հետևելու նպատակով: Այդ մասին տեղեկացնում են ԳՆ լրատվական ծառայությունից:
Սերգո Կարապետյանը փոխմարզպետ Կարեն Ադամյանի ուղեկցությամբ եղել է «Իջևանի գինու, կոնյակի գործարանում»: Ընկերության արտադրական գծով տնօրեն Ռոբերտ Իսկանդարյանը տեղեկացրել է, որ այս տարի գործարանը վերազինել են և ամբողջությամբ պատրաստ են ամենաուշը սեպտեմբերի 25-ից սկսել մթերման գործընթացը: Տավուշի մարզից կընդունեն այնքան խաղող, որքան առաջարկ կլինի, մթերման գինը 130 դրամ է:
Տնօրենի խոսքով` ընկերությունը գյուղացիներին պարտքեր չունի, անցյալ տարի մթերել են շուրջ 830 տոննա խաղող, և մինչև ընթացիկ տարվա մարտ ամիսը պարտավորություններն ամբողջությամբ կատարված են եղել: Արտադրում են շուրջ 28 տեսակ գինի, 10 անուն կոնյակ, ամենատարբեր մրգային և բանջարեղենային պահածոներ: Սպառումն իրականացվում է ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտահանվում է: Այս տարի առավելությունը տրվել է արտաքին շուկային, հիմնականում արտադրանքն արտահանվել է Ռուսաստան և ԱՄՆ, ռուսական շուկայում ունեն նաև խոշոր առևտրային տների ցանց, որի միջոցով կազմակերպում են արտադրանքի իրացումը:
Այնուհետև Սերգո Կարապետյանն ուղևորվել է «Երևանի կոնյակի գործարանի» Բերդի մասնաճյուղ: Այստեղ մթերման գործընթացը նախատեսում են սկսել սեպտեմբերի 20-ից, երբ խաղողը բավականաչափ հասունացած կլինի և կունենա անհրաժեշտ շաքարայնություն: Մասնաճյուղի կառավարիչ Գարիկ Վարդանյանը վստահեցրել է` պատրաստ են մթերել տարածաշրջանի սահմանամերձ համայնքների ամբողջ բերքը: Մթերման գինը 130 դրամ է, պահանջը մեկն է` խաղողը պետք է լինի որակյալ և համապատասխանի կոնյակի գինենյութի համար սահմանված չափորոշիչներին: Անցյալ տարի մթերել են շուրջ 5100 տոննա խաղող: Շուրջ 850 պայմանագրեր ունեն խոշոր խաղողագործների և գյուղացիական տնտեսությունների հետ, վճարումները կատարում են բերքն ընդունելուց հետո` 3-4 բանկային օրերի ընթացքում: Այս տարի ընկերությունը նաև ձեռք է բերել նոր մամլիչ, ինչը հնարավորություն կտա ավելացնել խաղողի ընդունման օրական քանակությունը և խուսափել հերթերից ու կուտակումներից:
«Տավուշի մարզի վերամշակող ընկերությունները պատրաստ են խաղողի մթերման սեզոնի մեկնարկին, ուստի սեպտեմբերի 20-ից կսկսեն մթերումներ իրականացնել և պատրաստակամ են մարզից մթերել անսահմանափակ քանակությամբ բերք»,-ամփոփելով այցի արդյունքները` նշել է Սերգո Կարապետյանը:
Սերգո Կարապետյանի խոսքով` Տավուշի մարզում վերջին երկու տարիներին գյուղատնտեսության ոլորտում էական առաջընթաց է արձանագրվել:
Հարակից հրապարակումներ`
- Գյուղատնտեսության փոխնախարարը՝ խաղողագործներին. Խնդիրները ժամանակավոր են
- Խաղողագործ. Դառել ենք հեռուստաաստղ, որտեղ միկրոֆոն ենք տեսնում, վազում ենք, բողոքում ենք
- Քաղցրաշենցի խաղողագործների մի մասի պարտքը վճարել են
- Խաղողագործները կառավարության շենքի դիմաց են
- Մինչև տարեվերջ կհետաձգվեն խաղող մթերած գյուղացիների վարկերի մարումը. Արթուր Ջավադյան
- Ալաշկերտում կարկուտը 100 տոկոսանոց վնաս է հասցրել. 1000 տոննա խաղողի փոխարեն աշնանը 30 կգ խաղող կքաղեն
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում