ՄԻԵԴ-ը մերժել է Դիլգամ Ասկերովի ընտանիքի դիմումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է դիվերսանտ Դիլհամ Ասկերովի ընտանիքի դիմումը։ Այս մասին, ինչպես գրում է Azvision կայքը, հայտնել է Դիլհամ Ասկերովի որդին՝ Կուրդօղլի Ասկերովը։
Կուրդօղլի Ասկերովն ասել է, որ հոր փաստաբանի միջոցով մի քանի անգամ պաշտոնական դիմումներ է ներկայացրել ՄԻԵԴ և պատասխանը մնում է նույնը։
Հիշեցնենք, որ 2014թ. հուլիսին Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը Շահումյանի հատվածից ապօրինաբար հատել էին Հայաստանի սահմանը: Նրանց գործողությունների հետևանքով Քարվաճառում զոհվել էր 2 անձ, մեկը՝ վիրավորվել:
Դիլհամ Ասկերովը 2014թ. դեկտեմբերին Ստեփանակերտի դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ԼՂՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ լրտեսության, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության ԼՂՀ պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, 245-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մարդուն բացահայտ առևանգելու՝ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով՝ սպանությունը՝ զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով։
Հանցախմբի մյուս անդամ Շահբազ Գուլիևը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ԼՂՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ լրտեսության, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության ԼՂՀ պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, 245-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մարդուն բացահայտ առևանգելու՝ կյանքի համար վտանգավոր բռնություն կիրառելով՝ զենքի գործադրմամբ, ինչպես նաև ուրիշին պատկանող գույքի գաղտնի հափշտակման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Վիկտոր Քոչարյան. Գուլիևն ու Ասկերովը դիվերսանտներ են, ոչ թե գերիներ
- «Ասկերովի և Գուլիեվի պայմանները լրիվությամբ համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին»
- Հրապարակել է ամբաստանյալներ Գուլիևի և Ասկերովի գործով դատավճիռը
- Դիվերսանտ Դ. Ասկերովին դատապարտել ցմահ ազատազրկման, իսկ Շ. Գուլիևին՝ 22 տարվա. դատախազի մեղադրական ճառը