Նոր օրենքը կհեշտացնի, թե կդժվարացնի կուսակցությունների գործունեությունը
Այսօր ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Կուսակցությունների մասին» նոր օրենքի նախագիծը:
Նախագծի համաձայն, պետական գրանցման պահին կուսակցությունը պետք է առնվազն 1000 անդամ ունենա: Նշենք, որ գործող օրենքով կուսակցությունը գրացվելու պահին պարտավոր է ունենալ ոչ պակաս, քան 200 անդամ, վեց ամսվա ընթացքում անդամների թիվը հասնի 2000-ի:
«Այն, որ կուսակցությունը գրանցման պահին պետք է ունենա 1000 անդամ, խստացում է»,- ասաց հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:
Ա. Հովհաննիսյանը նշեց, որ պայմանական թիվ է 1000-ը, կարող են նախատեսել 800:
«Ինչ վերաբերում է խստացմանը. եթե մոտենանք այն տեսանկյունից, որ գրանցման պահին 1000 անդամ պետք է ունենա, կարող եք գնահատել խստացում, բայց եթե մոտենում ենք այն տեսանկյունից, որ կուսակցությունը վեց ամիս հետո չպետք է իր անդամների թիվը հասցնի 2000-ի, ինչից էլ կախված կլինի՝ շարունակում է իրականացնել գործունեություն, թե ոչ, մեղմացում է»,- ասաց նախարարը:
Ա. Հովհաննիսյանը կարևորեց նաև այն, որ նախագծում հստակեցված է, թե որ դեպքում կուսակցության գործունեությունը կկասցեվի:
«Այսօր գործող մեր օրենքում կուսակցության գործունեության կասեցման, արգելման հիմքերի հստակ տարանջատում չունենք, հարցին անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանը:
Սահմանադրության 46-րդ հոդվածը հստակ սահմանում է, երբ է արգելվում կուսակցության գործունեությունը՝ քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում, բռնություն է կիրառվում սահմանադրական կարգը տապալելու նպատակով: Կասեցման հիմքերը թողնված են օրենսդրի հայեցողությանը: Մենք մի քանի հիմքեր ենք դիտարկում, մասնավորապես նվիրատվությունների տնօրինման կամ կուսակցության տարեկան հաշվետվության հրապարակման, օրենքով սահմանված փաստաթղթերը տրամադրելու օրենքով սահմանված կարգը խախտելը: Ընդ որում՝ կան խախտումներ, որոնց համար նախ նշանակվում է վարչական պատասխանատվությունը, 30-օրյա ժամկետում խախտումը չվերացնելու դեպքում նոր կգործի կուսակցության գործունեության կասեցման ինստիտուտը»,- ասաց արդարադատության նախարարը:
Նա նաև կարևորեց հիմնադիր համագումար անցկացնելու կարգը, որը նրա գնահատման, հեշտացվել է:
«Գործող օրենքով՝ հիմնադիր համագումարն իրավազոր է, եթե դրան մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանի մարզերի առնվազն 1/3-ից, ինչպես նաև կուսակցության ստեղծման, կանոնադրության հաստատման, ծրագրի ընդունման, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ձևավորման մասին որոշումներն ընդունվում են համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Առաջարկվում է՝ հիմնադիր համագումարն իրավազոր է, եթե դրան մասնակցում է առնվազն 100 հիմնադիր: Հրաժարվել ենք պատվիրակ եզրույթից, քանի որ անհասկանալի է, թե ինչ կարգավիճակ ունի այդ պատվիրակը և հիմնադիր եզրույթն ենք առաջ քաշել»,- ասաց Ա.Հովհաննիսյանը: