Հայաստանում 45 տոկոսը կարծում է, որ պետական պաշտոնյաները ներքաշված են կոռուպցիայի մեջ. Հարցում
«Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր 2016»-ի հարցման արդյունքներով հարցված քաղաքացիների 14 տոկոսը կարծում է, որ իշխանություններն ինչ-որ քայլեր կատարում են կոռուպցիան կրճատելու ուղղությամբ: Այս ցուցանիշը զգալի նվազել է՝ 2013-ին այդ կարծիքին էր հարցվածների 21 տոկոսը:
Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ ներկայացնելով Հայաստանում և տարածաշրջանում հարցման արդյունքները:
Հայաստանի իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությունից դժգոհ է հարցվածների 65 տոկոսը: 2013-ին այդ թիվը կազմում էր 53 տոկոս:
«Սա բավականին տհաճ նորություն է, չնայած օբյեկտիվ է», -ասաց Հոկտանյանը:
Օրինակ Ադրբեջանը, նրա ներկայացմամբ, հետաքրքիր արդյունք է գրանցել այս հարցում. Այնտեղ հարցվածների 60 տոկոսը կամ հրաժարվել է պատասխանել, կամ պատասխանել է կարճ՝ «չգիտեմ»:
«Որ կառույցների պետական պաշտոնյաներն են ներքաշված կոռուպցիայի մեջ» հարցին քաղաքացիները ամենաշատը մատնանշել են պետական պաշտոնյաներին՝ 45 տոկոս: Այս ցանկում մարդիկ ընդգրկել են նաև պատգամավորներին, տեղական ինքնակառավարման մարմիններին, հարկային մարմիններին, ոստիկանությանը, դատավորներին: Օրինակ, ցանկում, ըստ Հոկտանյանի, կան երկրներ, որոնցում կրոնական առաջնորդներն են համարվել ամենաշատ կոռումպացվածը:
«Մեր երկրում եկեղեցին համարվում է մաքուր», -նկատեց Հոկտանյանը:
Վերջինին, ինչպես 2013-ին, այնպես էլ հիմա զարմացրել է, որ Հայաստանում քաղաքացիների 63 տոկոսը կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավվումից ոչինչ չի փոխվի:
«ԱՊՀ երկրներում սա ամենաբարձր ցուցանիշն է, դժբախտաբար, մեզանից ավելի վատ վիճակում երկրներ չկան: Բայց պատկերացրեք, Եվրոպայում նման երկիր կա՝ Չեխիան է՝ 64 տոկոս, իսկ Հունգարիան՝ 63 տոկոս», -ներկայացրեց Հոկտանյանը:
Ըստ նույն հարցման արդյունքների 52 տոկոսը ցանկություն չունի ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարում:
Կոռուպցիայի մասին բարձրաձայնել չի պատրաստվում հարցվածների 67 տոկոսը և այս ցուցանիշով, ԹԻ կազմակերպության ներկայացուցչի խոսքով, դարձյալ վերջին տեղում ենք: Կոռուպցիայի մասին չբարձրաձայնողների 41 տոկոսը ասել է, որ այդ մասին չի խոսում վախից: Ինչ վերաբերում է կաշառք տալուն, ապա հարցվածների 23 տոկոսն ասել է, որ վերջին հինգ տարում վճարել է կաշառք:
Հարցվածների 77 տոկոսն ասել է, որ կոռուպցիայի մասին բարձրաձայնելը ընդունելի վարքագիծ չէ և ընդունված չէ հասարակության կողմից:
«Հայաստանը դժբախտաբար ամենամեծ ցուցանիշը գրանցեց այս առումով, այսինքն՝ «ստուկաչի» հոգեբանությունը առավել տարածված է այստեղ, և մարդիկ գտնում են, որ մեր հասարակությանը խորթ է կոռուպցիայի մասին բարձրաձայնելը», -հավելեց Վարուժան Հոկտանյանը:
Նկատենք, որ այս հարցումներն անցկացվում են երեք տարին մեկ անգամ:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում