Կառավարությունը պետք է քաղաքական հենարան ունենա. Աղվան Վարդանյանը՝ վարչապետի ՀՀԿ-ական դառնալու մասին. «Առավոտ»
«Վարչապետն իր անդամագրումը ՀՀԿ-ին մեկնաբանեց շատ հետաքրքիր դիտարկումներով, որոնք, ես կարծում եմ, շատ բան են ասում նաև իր մտածողության և ՀՀԿ-ի այսօրվա վիճակի վերաբերյալ»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով վարչապետ Կարեն կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու փաստին։ Աղվան Վարդանյանը չի կիսում դիտարկումը, որ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցմամբ հօդս են ցնդում հանրության այն հատվածի սպասելիքները, որոնք վարչապետից բարեփոխումներ էին սպասում։
«Խորհրդարանական կառավարման համակարգում, բնական է, կառավարությունը պետք է քաղաքական հենարան ունենա։ Ուստի նորմալ և բնական եմ համարում Կարեն Կարապետյանի անդամակցումը ՀՀԿ-ին»,- ասել է Աղվան Վարդանյանը։ Հարցին՝ Կարեն Կարապետյանն իր վարկանիշով կհաջողի՞ բարձրացնել նաև ՀՀԿ-ի վարկանիշը, թերթի զրուցակիցը պատասխանել է, որ ՀՀԿ-ի խնդիրն է, և իրենց շատ քիչ է հետաքրքրում։