Ադրբեջանում առկա իսրայելական զենքը կարող է կրակել նաև Իրանի ուղղությամբ
ԻԻՀ Մեջլիսի նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցն Ադրբեջան կովկասյան տարածաշրջանում նոր սադրանքներ կհրահրի:
Իսրայելի վարչապետի՝ դեկտեմբերի 13-ին Ադրբեջան կատարելիք այցի վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների ազդարարումն Իրանում բողոքի մեծ ալիք բարձրացրեց: Այն հատկապես առանձնահատուկ ուշադրության արժանացավ Իրանի թյուրքախոս նահանգներում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ-հոգևորականների շրջանում, իսկ թյուրքախոս քաղաքներում կազմակերպվեցին բողոքի ցույցեր:
Հասան Ռոհանիի կառավարությունն, ի տարբերություն իր նախորդի, Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների նկատմամբ այլ մոտեցում է ընտրել, այն է՝ Բաքվի հետ հարաբերությունների խորացմամբ՝ թուլացնել Ադրբեջանի վրա Իսրայելի ունեցած ազդեցությունը: Իսկ Թեհրանի համար Բաքվի հետ հարաբերությունները խորացնելու կարևոր նախապայմաններից մեկն Ադրբեջանում շիաների հետ կապված խնդիրներն են, ինչը, հակառակ Իրանի սպասումների, Ադրբեջանը ոչ միայն չի լուծում, այլև օրեցօր նոր խնդիրներ է հարուցում:
Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայինը իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ հայտարարել է, թե Իրանը չէր ակնկալում, որ Բաքուն համաձայնություն կտա Նեթանյահուի այցին: Ասել թե, իրանական կողմը լուրջ է ընդունել Ադրբեջանի իշխանությունների հավաստիացումներին, միամտություն կլինի. Պարզապես դրա մասին ակնարկելով՝ Թեհրանը ակնարկում է, որ Բաքուն խախտել է Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ Իրանի հետ ունեցած պայմանավորվածությունները:
Անդրադառնալով Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հայտարարությանը՝ նկատենք, որ նա երկար տարիներ զբաղեցրել է Իրանի ԱԳ նախարարի՝ Աֆրիկայի և արաբական երկրների հարցերով փոխնախարարի պաշտոնը և բավականին քաջատեղյակ է տարածաշրջանային զարգացումներից, մասնավորապես Իսրայելի քաղաքականությունից:
Իրանն Իսրայելի վարչապետի այցն Ադրբեջան դիտում է որպես վտանգի մասին նախագզուշացում և ի նկատի ունենալով Աբդոլլահիանի այն հայտարարությունը՝ թե Նեթանյահուի այց Բաքու կարող է տարածաշրջանում նոր սադրանքներ հրահրել, կարելի է ենթադրել, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Թեհրանն ունի բավարար հիմքեր՝ պնդելու, որ Ադրբեջանի կողմից Իսրայելից ձեռք բերված զենքն ինչ-որ իրավիճակում կարող է օգտագործվել իր դեմ, և ինչպես օրերս ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը նշեց՝ Ադրբեջանն Իսրայելի համար կարևոր է ոչ թե տնտեսական տեսանկյունից, այլ հատկապես այն բանի համար, որ Իրանի հարևանն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում