Քաղաքական 10:39 28/12/2016 Հայաստան

Ռուբեն Շուգարյան. «Հայաստանի դիվանագիտությունը պետք է մտածի նոր գաղափարների և հարցադրումների մասին»

Panorama.am-ը զրուցել է ԱՄՆ-ում ՀՀ առաջին արտակարգ և լիազոր դեսպան (1993-1999), 1999-2005թթ ՀՀ ԱԳ փոխնախարար, 2005-08թթ Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, իսկ 2009-ից ի վեր Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Շուգարյանի հետ:Նախկին դեսպանը խոսել է հայ-թուրքական (ցյուրիխյան) կարգավորման գործընթացի դասերի, ապրիլյան պատերազմի շրջանում և դրանից հետո ՀՀ եւ ԼՂՀ դիվանագիտության և ընդհանրապես աշխարհում Հայաստանի տեղի և դերի մասին:

Panorama.am: Պարոն Շուգարյան, այս նախատոնական օրերին Դուք Հայաստանում եք ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի մասնագիտական խորհրդում Ձեր թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելու նպատակով։ Աշխատանքի վերնագիրն է «Հայ-թուրքական հարաբերությունների միջազգային միջնորդության ժամանակակից պատմությունը և մեթոդաբանությունը»։ Ի՞նչը Ձեզ ստիպեց գրել այս աշխատանքը։

Ռուբեն Շուգարյան. Ես երկար տարիներ մտածել եմ այս թեմայի մասին: Ե՛վ այն ժամանակ, երբ ակտիվ, գործնական դիվանագիտության մեջ էի, մասնակցում էի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և արցախյան հիմնահարցի վերաբերյալ բանակցություններին, ե՛ւ ակադեմիական աշխատանքի տարիներին՝ հատկապես Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում դասավանդելու ընթացքում:

Այս թեման այսօր ամենաարդիականներից մեկն է: Ես ծանոթ եմ տարբեր աշխատությունների, բայց համակարգված աշխատանք երևի թե չկա, որտեղ ոչ միայն կշարադրվեր պատմությունը, բայց նաև կվերլուծվեր այս 25 տարիներ ընթացքում միջնորդների կատարած աշխատանքի մեթոդաբանությունը: Իմ նպատակն էր լրացնել այս բացը, ինչպես նաև առաջարկել ապագայի համար որոշակի «ճանապարհային քարտեզ»:

Panorama.am: Իսկ որոնք են Ձեր առաջ քաշած նորույթները, ինչպես սիրում են ասել գիտական աշխարհում։

Շուգարյան. Եթե խոսենք նորույթների մասին, ես առաջարկում եմ պարտադիր կերպով տարանջատել երկու տարբեր ոլորտ՝ հաշտեցման և հարաբերությունների կարգավորման հարթություններում: Վերնագրի մասին մտածելիս ես տատանվում է, թե ինչպես կոչեմ աշխատանքս. Հայաստան-Թուրքիա հարաբերություններ, թե՞ հայ-թուրքական հարաբերություններ: Ի վերջո եկա այն եզրակացության, որ եթե խոսում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին, պետք է խոսենք թե՛ հաշտեցման, թե՛ կարգավորման մասին, թերևս ավելի մեծ ուշադրություն դարձնելով հենց «կարգավորման» հարթությանը: Այդ ֆորմատը ենթադրում է միայն և միայն սահմանի բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Այս ֆորմատում բնական մասնակիցներն են երկու երկրների կառավարությունները: Մինչդեռ «հաշտեցման» հարթությունը ենթադրում է առավել երկարաժամկետ, նուրբ և բարդ գործընթաց, և բացի իշխանություններից մասնակցություն պետք է ունենան երկու երկրների քաղաքացիական հասարակությունները, իսկ Հայաստանի դեպքում՝ նաև հայկական Սփյուռքը, որի ձայնը պետք է լինի որոշիչ: Մինչև այսօր հիմնական սխալը եղել է, իմ կարծիքով, այս երկու գործընթացների միաձուլումը, ինչը ոչ միայն արդարացված չէ, այլև վտանգներ է պարունակում՝ հատկապես Սփյուռքի քննադատության առումով:

Պետք է նշել, որ չնայած գործընթացի տապալմանը, բոլոր ներգրավված կողմերը հասան որոշակի հաջողության:

Թուրքիան կարողացավ արտաքին աշխարհին ցույց տալ որոշակի «կառուցողականություն»՝ հատկապես Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ աշխարհին ցույց տալով, որ իրենք չունեն նախապաշարմունքներ և կարող են իբրև թե անկաշկանդ նայել իրենց անցյալին՝ պատմաբանների այդ ենթահանձնաժողովի միջոցով:

Հայաստանին անհրաժեշտ էր վերադառնալ միջազգային քաղաքականություն, լինել միջազգային քարտեզի վրա: Եվ մենք դա արեցինք. հիշեք միայն ստորագրման արարողությունը [Ցյուրիխում]: Այս ամենը անհրաժեշտ էր Հայաստանին:

Դրան նախորդող տասնամյակում «կոմպլեմենտար» քաղաքականությունը օգնել էր խուսափել մեծ ցնցումներից, բայց նաև դրա պատճառով կորցրել էինք որոշակի տեմպ, ազդեցություն և միգուցե նաև կարևորություն [միջազգային քաղաքականությունում]: Երբ որևէ երկիր սկսում է բնութագրել իր արտաքին քաղաքականությունը մի բառով, դա նշանակում է լրիվ հակառակը: Օրինակ, Թուրքիայի «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը նշանակում էր, որ Անկարան ունի խնդիրներ բոլոր այդ հարևանների հետ: Եթե խոսում ենք «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության մասին, դա նշանակում է «կոմպլեմենտարիզմը» նախաձեռնողական չի եղել:

Ֆուտբոլային դիվանագիտությամբ մենք լուծեցինք միջազգային քաղաքականություն վերադառնալու խնդիրը, լուծեցինք նաև արտաքին լեգիտիմության խնդիրը՝ 2008-ի ընտրություններից հետո: Մենք կարողացանք կարճաժամկետ արդյունքների հասնել:

Ռուսաստանը լուծեց իր խնդիրները: Առաջին անգամ Կրեմլը ոչ միայն չէր ընդդիմանում հայ-թուրքական օրակագին, այլև ակտիվորեն օժանդակում էր: Առաջին, որովհետև 2008թ ռուս-վրացական պատերազմից հետո Մոսկվան ուներ արտաքին իմիջի խնդիր, և մյուս կողմից այդ պատերազմի արդյունքում Ռուսաստանը և Թուրքիան եկել էին այն եզրակացության, որ տարածաշրջանում պետք է ամրապնդեն սեփական դիրքերը և հնարավորինս նվազեցնեն երրորդ երկրների ազդեցությունը: Այս նպատակով որպես Միացյալ Նահանգների «կցորդ» ընկալվող Վրաստանի դերի նվազեցման ֆոնին նրանք հնարավորություն էին բացել Հայաստանի դերի ավելացման համար:

Ցյուրիխյան գործընթացի արդյունքում շահեց նաև Եվրոպական Միությունը, որովհետև եթե վավերացվեին այդ արձանագրությունները, Թուրքիայի անդամակցության հարցը կդառնար շատ ավելի առարկայական: «Ստորագրված, բայց չվավերացված» սցենարը ԵՄ համար լավագույնն էր:

Իրանի հետ կապված ասեմ, որ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ կարելի է դատողություններ անել Թեհրանի դիրքորոշումը ուսումնասիրելով: Օրինակ, 2001թ Քի Ուեսթի բանակցությունների ժամանակ Իրանը ուներ շատ հանգիստ դիրքորոշում, քանի որ այնտեղ չէին սպասում որևէ շոշափելի արդյունք: Նույնը այստեղ. Իրանը կարծես համոզված էր, որ արձանագրությունները կստորագրվեն, բայց չեն վավերացվի:

Վրաստանը ի սկզբանե անհանգստացած էր հնարավոր կարգավորման հեռանկարից, քանի որ դրա արդյունքում Թբիլիսիի դերը նշանակալիորեն կնվազեր:

Միացյալ Նահանգներին անհրաժեշտ էր ինչ-որ միջանկյալ լուծում գտնել, որի արդյունքում հայ-թուրքական հարաբերությունները կմտնեին նոր հանգրվան, և ամեն տարի Սպիտակ տանը ստիպված չէին լինի ապրիլի 24-ին փնտրել Ցեղասպանություն բառի նոր հոմանիշեր և հետո դրա համար արդարանալ հայ համայնքի մոտ: Վաշինգտոնի երկրորդ նպատակն էր Բուշի վարչակազմի տապալումներից հետո արձանագրել շոշափելի որևէ արտաքին քաղաքական հաջողություն: Պատահական չէ, որ նախագահ Բարաք Օբամայի և պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջին այցերը կատարվեցին Թուրքիա, որտեղ փաստացի տրվեց այդ գործընթացի մեկնարկը:

Այս գործընթացի արդյունքում գրեթե բոլոր երկրները ունեցան դրական ձեռքբերումներ: Միակ երկիրը, որը չուներ դրական իմիջ ստանալու խնդիր՝ Ադրբեջանն էր, որին պետք էր «ուժեղ և ազդեցիկ» երկրի իմիջ ձեռք բերել որպեսզի ստացվեր այնպես, որ Ադրբեջանի պատճառով Թուրքիան չի կարողանում առաջ գնալ այդ հարաբերություններում:

Panorama.am: Երբ խոսում ենք հայ-թուրքական ցյուրիխյան գործընթացի մասին, հաճախ մասնագետները հղում են անում Բաքվի դիրքորոշմանը, որպես Թուրքիայի վրա մեծ ազդեցություն ունեցող երկրի, ինչը կարող էր որոշիչ ազդեցություն ունենալ գործընթացի տապալման վրա։ Բայց արդյո՞ք այդ ազդեցությունը այդքան որոշիչ է: Արդյո՞ք դա մեկ մարմնի պոչի և գլխի թյուրըմբռնում չէ:

Շուգարյան. Կարծում եմ, դուք ճիշտ եք: Այս հարցում դերերի բաշխում կար, դա արևմտյան «լավ ոստիկան – վատ ոստիկան» հնարքի արևելյան տեղայնացումն էր: Բայց այստեղ ավելի կարևոր է հասկանալ, թե որն է միջնորդների մեթոդաբանական սխալը այս հարցում:

Panorama.am: Արդյո՞ք Դուք նաև ուսումնասիրել եք ոչ պաշտոնական, հանրային դիվանագիտության հնարավորությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում:

Շուգարյան. Այո, ես քննարկել եմ ոչ միայն պաշտոնական բանակցությունների ընթացքը, այլև այսպես կոչված «միջանկյալ հարթակի» կամ հարթակ 1.5-ի և ժողովրդական դիվանագիտության՝ հարթակ 2-ի (Track Two) հնարավորությունները և կուտակված փորձը: Ուսումնասիրել եմ, օրինակ, հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքները և դրանց կապը Ցյուրիխյան գործընթացի հետ: Նաև ներկայացրել եմ պաղեստինա-իսրայելական Օսլոյի գործընթացը, որի փաստաթղթի ստորագրմանը որպես ԱՄՆ-ում ՀՀ դեսպան ներկա եմ եղել Սպիտակ տանը 1993-ի սեպտեմբերին:

Կան նաև առաջին անգամ քննարկվող որոշակի պատմական փաստեր, օրինաչափություններ և առաջարկներ, օրինակ Կանադայի և Իտալիայի կողմից հայ-թուրքական կարգավորման հարցում միջնորդական առաջարկությունները:

Panorama.am: Ձեր աշխատանքում Դուք պատմում եք, թե ինչու Շվեյցարիան ըստ էության նախաձեռնեց միջնորդական առաքելությունը և նաև նշում եք, որ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումը Հայաստանի երեք նախագահների մոտ կարմիր թելով գնում է։ Նայելով այս պատմությանը Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմից, Ձեր կարծիքով, ինչո՞ւ այդ բանակցությունները այնուհետև դարձան տարբեր ներքաղաքական բևեռների միջև սուր պայքարի թեմա Հայաստանում։

Շուգարյան. Կարևոր պատճառներից մեկը, կարծում եմ, այն է, որ ամեն անգամ հաշտեցման և կարգավորման երկու գործընթացների միաձուլվել են՝ ե՛ւ միջնորդների կողմից, ե՛ւ Հայաստանի: Հայկական կողմը մինչև վերջ չի պայքարել սրա դեմ: Եթե Սփյուռքի դերը հասկանալու համար քննարկենք շվեյցարական միջնորդությունը, պետք է հիշենք նախագահ Սերժ Սարգսյանի կողմից սփյուռքյան գաղթօջախներով շրջագայությունը, ինչը ողջունելի է: Բայց այն դեպքում, եթե քննության առարկա լիներ հաշտեցման հարցը, ինչպես ես նշեցի, այդ դեպքում Սփյուռքի ձայնը պետք է որոշիչ լիներ: Իսկ եթե խոսում ենք կարգավորման մասին, մենք ընդհանրապես կարիք էլ չունենք [Սփյուռք] գնալու և քննադատության արժանանալու: Բայց նախագահը գնացել էր այդ փաստաթղթերում «պատմաբանների ենթահանձնաժողովի մասին» կետի պատճառով: Մյուս հարցը, իհարկե, սահմանի վերաբերյալ հարցն է, բայց դրա հետ կապված մենք պետք է ձև գտնենք պատշաճ բացատրական աշխատանքներ տանելու համար:

Երբ միախառնվում են կարգավորման և հաշտեցման երկու գործընթացները, ստեղծվում է փակուղային վիճակ:

Panorama.am: Արցախի հիմնահարցը և Թուրքիայի հետ հարաբերությունները, կամ ավելի ճիշտ` դրանց բացակայությունը, ինչպես գիտենք, Հայաստանի երկու կարևոր արտաքին քաղաքական կետերն են։ Ըստ Ձեզ, որոնք են Հայաստանի արտաքին քաղաքական պոտենցիալ օրակարգի այն կետերը, որոնք կարելի է շահագործել հաջորդ տարի և դրանից հետո։

Շուգարյան. Իմ խորին համոզմամբ, Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի կարելի սահմանափակել այս երկու հարցով (ես հիմա կարծում եմ, որ մեկն առանց մյուսի չի կարող լուծվել):

Անկախությունից հետո մի քանի անգամ մենք հայտ ենք ներկայացրել, որ ինքնուրույնաբար զբաղվում ենք նաև այլ հարցերով: Մենք խաղաղապահներ ենք ուղարկել Բոսնիա, Իրաք և Աֆղանստան: Ի դեպ, Իրաքի հարցում մի հետաքրքիր զարգացում եղավ, որը այժմ պետք է վերաիմաստավորել:

Երբ մենք քննարկում ենք խաղաղապահներ ուղարկելու հարցը, այլ երկրներ դուրս էին գալիս ամերիկյան դաշնակիցների կոալիցիայից, ինչպես օրինակ Իսպանիան: Այդ ժամանակ մեծ թվով նամակներ էին գալիս Հայաստան Սփյուռքի կենտրոններից՝ կոչ անելով հետ կանգնել այդ նախաձեռնությունից: Այնուամենայնիվ, մենք դարձանք կոալիցիայի անդամ Իրաքում, շահեցինք միավորներ ԱՄՆ հետ հարաբերություններում և այլն: Այս առումով, մենք կարողացանք անել այն, ինչ թելադրում էր մեր «պետական» շահը, բարելավեցինք մեր հարաբերությունները ԱՄՆ հետ տարբեր ոլորտներում, մինչդեռ «ազգային» շահերը այլ բան էին պահանջում:

Վերջին տարիներին ես նկատում եմ մեր արտաքին քաղաքականության մեջ «ազգային շահերի» գերակայությունը «պետական շահի» նկատմամբ, մինչդեռ եվրոպական տարբեր լեզուներում չկա այսպիսի բաժանում «national interest» հասկացության մեջ: Երկրորդ երկիրը, որը նման բաժանում թերևս ունի, Իսրայելն է:

Իսկ «հաջորդ տարվա» պլանների մեջ, ես կարծում եմ, որ մենք շատ ակտիվ պետք է լինենք սիրիական հարցում, պետք է լինենք ավելի երևացող և մասնակցենք տարբեր դիվանագիտական նախաձեռնությունների:

Կարծում եմ, ինչ որ ժամանակ հետո մենք պետք է նաև մեր մասնակցությունը ունենանք արաբա-իսրայելական հարաբերություններում, հատկապես կարևորելով Երուսաղեմի հայկական թաղամասի դերը և գործոնը:

1990-ականներին Հայաստանը նաև հանդես է եկել մի շարք միջնորդական առաքելություններով, որոնց մասին հիմա մոռացել են. օրինակ Վրաստանում մի քանի անգամ, 1991թ Լիտվայում, և այլն:

Panorama.am: Տարին ավարտվում է և թերևս կհամաձայնեք` 2016թ աննախադեպ դժվար տարի էր. տնտեսական ճգնաժամ, ներքաղաքական աննախադեպ բռնություն, պարտադրված պատերազմ, սպառազինությունների մրցավազքի նոր էսկալացիա։ Ինչպիսի՞ն էր տարին ըստ Ձեզ:

Շուգարյան. Կարծում եմ, առաջին հարթին շատ ծանր տարի էր: Այս տարի նաև սահմանագիծ էր մեր երկրի անկախության նոր փուլ մտնելու համար: Իհարկե, հիմնականը Ապրիլյան պատերազմն էր:

Panorama.am: Ինչպե՞ս կբնութագրեք ՀՀ-ԼՂՀ դիվանագիտությունը Ապրիլյան օրերին և դրանից հետո:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտությունը ես կբնութագրեմ, որպես այդ պահի համար համապատասխան դիվանագիտություն: Արցախը ոչ միայն կարողացավ դիմակայել ռազմադաշտում, այլև դիվանագիտական ասպարեզում որդեգրել շատ ճիշտ մարտավարություն: Կարելի է նշել, օրինակ, ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հարցազրույցը CNN հեռուստաալիքով, որտեղ նա եթերում էր Ադրբեջանի ԱԳ նախարար Է.Մամեդյարովի հետ, ինչը ավելորդ անգամ ցույց էր տալիս հակամարտության երկու հիմնական կողմերը:

Հայաստանի դիվանագիտությունը ինձ համար փոքր ինչ ավելի դժվար է բնութագրել: Եթե կա ներքին պայմանավորվածություն, որ Ղարաբաղը պետք է ավելի ակտիվ լինի և հանդիսանա, որպես հակամարտության կողմ, ապա դա ճիշտ դիրքորոշում է: Բայց բոլոր դեպքերում, կարծում եմ, Հայաստանի դիվանագիտությունը ոչ միայն պետք է ավելի ակտիվ լինի, այլ մտածի նոր ձևերի, խնդիրների, նոր գաղափարների և հարցադրումների մասին:

Կարծում եմ, որ ապրիլյան պատերազմից հետո ամենակարևոր հարցն այն չէր, թե «ի՞նչ եղավ», այլ այն, թե «ինչպե՞ս եղավ»:

Մինչև 2016-ի ապրիլի Ադրբեջանը ցածր ինտենսիվությամբ էր գնում էսկալացիայի: Նոր աշխարհաքաղաքական պայմաններում Ադրբեջանի գործողությունները կարելի է բնութագրել, որպես ռազմական հանցագործություն, եթե հաշվի առնենք ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ սարսափելի բռնությունները: Բաքվում չէին էլ թաքցնում իրենց պետական քաղաքականության և ԼՂՀ դեմ ռազմական ագրեսիայի նպատակները:

Հայաստանը պետք է փորձի հասկանալ և աշխարհին ներկայացնել, որ նախագահ Իլհամ Ալիևը օրեցօր կոշտացնում է իր դիրքորոշումը: Այստեղ առանձնացնեմ երեք հանգրվան՝ շարունակականությունը ցույց տալու համար: Նախ, 2011-ին Ալիւեը հայտարարեց դեպի Ստեփանակերտի վերանորոգված օդանավակայան թռչող քաղաքացիական ինքնաթիռներին օդային հարված հասցնելու մտադրության մասին: Սա աննախադեպ հայտարարություն էր: Երկրորդ՝ Հունգարիայի հետ բանակցությունների արդյունքում Սաֆարովին Բաքու վերադարձնելու և պետական բարձր պարգևների արժանացնելու փաստը: Եվ երրորդ՝ ապրիլյան պատերազմը: Առաջին հայացքից իրար հետ ուղղակի կապ չունեցող այս զարգացումները պետք է տեղ գտնեն մեկ փաթեթի մեջ և ներկայացվեն տարբեր մարմիններ՝ եվրոպական ատյաններ և հասարակական կազմակերպություններ՝ «անջատում հանուն փրկության» (remedial secession) նորմի կիրառումը ԼՂՀ նկատմամբ կիրառելու նպատակ հետապնդելով: Հիշեցնեմ, որ այս նույն նորմը կիրառվեց Կոսովոյի դեպքում:

Եթե ավելի պատկերավոր ասեմ, 1990-ականներին Հայաստանի օգնությամբ Արցախի անվտանգության պահպանումը և ռազմական հաղթանակը այն «գինն» էր, որ մենք վճարեցինք միջազգային հանրության կողմից ԼՂՀ միջազգային ճանաչման փոխարեն: Մենք կարողացանք սեփական ուժերով պաշտպանել Արցախի ժողովրդին ցեղասպանության վտանգից և միջազգային հանրությունը որևէ տեսակ միջամտության կարիք այլևս չուներ, և Արցախի անկախությունը չճանաչվեց:

Panorama.am: Ինչպիսի՞ դասեր պետք է քաղեն Հայաստանը և ԼՂՀ-ը ապրիլից հետո:

Շուգարյան. Ես երեք խնդիր այստեղ կառանձնացնեի: Նախ, մենք պետք է փոխենք մեր դիրքորոշումը և մարտավարությունը, և ներկայացնենք աշխարհին ոչ թե այն, թե ինչ է կատարվել, այլ թե «ինչպես» է կատարվել:

Հայկական կողմերը պետք է նաև աշխարհին ներկայացնեն, որ Ադրբեջանը այս կոնֆլիկտը դարձնում է կրոնական բնույթի առճակատում՝ որդեգրելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործելաոճը՝ ռազմի դաշտում: Մինչդեռ պետք է նշել, որ Հայաստանը մահմեդական աշխարհի հետ չունի որևէ խնդիր:

Եվ երրորդ, մենք պետք է սկսենք խոսել «անջատում հանուն փրկության» նորմի կարևորության և կիրառելության մասին Լեռնային Ղարաբաղի կոնտեքստում:

Panorama.am: Իսկ «անջատում հանուն փրկության» դոկտրինի ենթատեքստում, ինչպե՞ս եք տեսնում նախկին ԼՂԻՄ շուրջ տարածքների ապագայի հարցը, և արդյո՞ք այստեղ նույնպես որոշակի ընդհանրություններ կարող ենք նկատել Հայաստանի երեք նախագահների մոտ:

Շուգարյան. Կա որոշակի շարունակականություն առաջին և երրորդ նախագահների մոտ: Երկրորդ նախագահի ժամանակ մենք արդեն խոսեցինք «կոմպլեմենտարության» մասին, որը օգնեց կամ թույլ տվեց խուսափել կարևոր որոշումներից կամ սխալներ գործելուց: Այդ ընթացքում մենք նաև սպառեցինք «ձգձգման» կամ «չկողմնորոշվելու» մեր կարևոր ռեսուրսը՝ օգտվելով նաև աշխարհաքաղաքական իրավիճակից, ռուս-ամերիկյան հարաբերությունների վիճակից և այլն:

Այնուամենայնիվ, Արցախի հարցում որոշակի ընդհանուր շարունակականության մասին կարող ենք խոսել:

Խնդրո առարկա տարածքների մասին պետք է որդեգրել մի դիրքորոշում, որտեղ պետք է կարևորել «անվտանգությունն առաջնային է» թեզը կամ սկզբունքը: Արդյո՞ք հետագայում այդ տարածքներում կարող են տեղակայվել զորքեր, զինված գործողություններ իրանակացվեն Հայաստանի կամ ԼՂՀ դեմ, ինչպիսի և ինչ կազմով խաղաղապահ ուժեր պետք է տեղակայվեն այդտեղ, և շատ այլ հարցեր:

Panorama.am: Արդյո՞ք ԼՂ հարցում Հայաստանի դիվանագիտությունը հաշվի առնում է, թե ինչպիսի երկիր է Ադրբեջանը: Նկատի ունեմ, հայկական դիվանագիտությունը հաշվարկում է Ադրբեջանը որպես երկիր, որը ցանկանում է ռեալ կարգավորում գտնել կոնֆլիկտին, թե՞ երկիրը, որը օգտագործում է հարցը ներքին քաղաքական հարցերում էլիտայի անձեռնմխելիությունը ապահովելու համար:

Շուգարյան. Իմ կարծիքով, Իլհամ Ալիևը քաղաքական գործիչ է, ով չի մտածում պետական մասշտաբով, ուստի Ձեր հարցապնդումը գոյություն ունենալու հիմքեր ունի։

Panorama.am: Իսկ որո՞նք են Ադրբեջանի դասերը այս պատերազմից, եթե խոսենք առանց հուզականության:

Շուգարյան. Դասերը հասկանալու համար, նախ պետք է քննարկենք պատերազմի նպատակները: Ակնհայտ է, որ Բաքվի համար չստացվեց իրականացնել այն, ինչ Ալիևը ծրագրել էր: Այնուամենայնիվ, Ադրբեջանի ներքին քարոզչական մեքենան արդյունավետ աշխատեց՝ իրենց ամբողջ ծիծաղելի մարտավարությամբ և կեղծ նարատիվները տարածելու առումով: Չեմ կարծում, որ Ադրբեջանի ժողովուրդը` Բաքվի ծայրամասերից այն կողմ, այլընտրանքային տեղեկատվություն ստանալու առումով ունեցավ այնքան հնարավորություններ, որքան Հայաստանում, և հետևաբար իրենց հաջողվեց որոշակի առումով սեփական ժողովրդի մոտ ստեղծել ինչ-որ ընկալումներ:

Ադրբեջանը ունեցավ նաև շատ զոհեր, հատկապես հատուկ ջոկատայինների շրջանում, ովքեր, իմ տեղեկություններով, պատրաստվել էին Հյուսիսային Կիպրոսում: Սա լուրջ խնդիր էր Ադրբեջանի համար:

Առաջին օրերի էյֆորիան Ադրբեջանում շատ շուտ անցավ: Եվ ակնհայտ դարձավ, որ հայկական կողմի դեմ նոր հարձակման դեպքում իրենք շատ զոհեր են ունենալու և պարզ չէ, հայկական կողմի հակահարձակումը հաջորդ անգամ որտեղ կկանգնի:

Panorama.am: 2011-ին Կազանի հանդիպման տապալումից հետո ռուսական «Moscow Times» թերթը մի հոդված էր հրապարակել, որտեղ հեղինակը գրում էր, որ մի փոքրամասշտաբ և կարճաժամկետ պատերազմը կարող է ի վերջո կողմերին բերել բանակցային սեղանի շուրջ պայմանավորվածությունների՝ ստեղծելով «երկու կողմերի համար վնասաբեր փակուղի»: Արդյո՞ք այս պատերազմը նման նպատակ ուներ:

Շուգարյան. Ես այդպես չեմ կարծում: Եթե այդպես լիներ, միջնորդները արդեն իսկ հանդես կգային նոր նախաձեռնությամբ: Այստեղ մենք պետք է նաև դիտարկենք միջնորդների միջև հարաբերությունների դինամիկան տվյալ տարածաշրջանից դուրս իրենց օրակարգի հարցերում:

Ինձ համար ակնհայտ է, որ Ռուսաստանի դիրքորոշման դինամիկան Հայաստանի նկատմամբ այս պատերազմից հետո փոխվեց՝ բացասականից դեպի դրական: Ես նույնիսկ չեմ խոսում «Իսկանդերի» մասին: Ուշադրություն դարձրեց ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովի դիրքորոշմանը:

Պետք է ուշադրություն դարձնել նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագայի վրա: Եթե դիտարկենք մինչև 2011-ը և դրանից հետո իրենց հարաբերությունների պատկերը՝ այն կարելի է բնութագրել իբրև վատթարացող: Գիտեք, ընդհանրապես, երբ գերտերությունների հարաբերությունները վատանում են, իրենք պահպանում են գոնե մեկ հարց, որտեղ իրենց շահերը համընկնում են, որը այնուհետև օգտագործվում է ապագայում կապերը բարելավելու նպատակով: Միակ հարցը, որտեղ չկար հակասություն կամ հակադրում նախորդ տարիներին՝ դա Արցախի հարցն էր:

Panorama.am: Ապրիլի 2-ին Հայաստանում կանցկացվեն պառլամենտական ընտրություններ։ Ինչ-որ նոր նախաձեռնություններ սպասո՞ւմ եք Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ այդ ցիկլից հետո:

Շուգարյան. Կարծում եմ՝ այո: կարող ենք սպասել ավելի լայն քննարկումների, քանի որ մենք փոխում ենք համակարգը: Եթե մինչև այսօր երկրի նախագահն էր պատասխանատու երկրի դիրքորոշման համար, նոր Սահմանադրությամբ ունենալու ենք կոլեկտիվ պատասխանատվության խնդիր, երբ ավելի դժվար է լինելու որոշում ընդունելը, բայց ավելի հեշտ է լինելու արդեն ընդունված որոշումը իրականացնելը, կամ այդ որոշման հետևանքների հետ հաշտվելը:

Եթե հիշում եք Լևոն Տե-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» հայտնի հոդվածը, այդտեղ մի նախադասություն կար՝ Արցախի հարցում խնդրից տեղյակ միայն վեց հոգու մասին: Նոր Սահմանադրությամբ մենք ունենալու ենք ավելի լայն շրջանակով քննարկումների և որոշումների ընդունման տարբեր մեխանիզմ: Այս իրականության մեջ նույնիսկ պոպուլիստները ստիպված կլինեն դառնալ իրատես:

Panorama.am: Վերջերս լույս տեսավ Ձեր երրորդ գիրքը, որը չափազանց հետաքրքիր և պրովոկացիոն վերնագիր ունի. «Արդյոք Հայաստանը արտաքին քաղաքականության կարիք ունի» (“Does Armenia Need Foreign Policy”, Gomidas Institute, 2016)։ Գրքում Դուք տարբեր հարցադրումներ եք արել, ընդհանուր առմամբ, փորձելով ներկայացնել Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերները և հնարավորությունները հայ-թուրքական ցյուրիխյան գործընթացի միջոցով, նաև խոսում եք ՌԴ, ԱՄՆ և ԵՄ հետ ՀՀ հարաբերությունների, չստացված Ասոցացման և ԵԱՏՄ անդամակցության պատճառների մասին։ Բայց ի վերջո թողնում եք Ձեր ընթերցողին, որպեսզի նա գտնի վերնագրում դրված հարցի պատասխանը։ Կուզենայի Ձեզ հարցնել. «ինչպիսի՞» արտաքին քաղաքականության կարիք ունի Հայաստանը:

Շուգարյան. Հայաստանը կարիք ունի անկախ արտաքին քաղաքականության: Որպեսզի այդ քաղաքականությունը լինի «անկախ», պետք է լուծված լինեն ԼՂ հարցը և հայ-թուրքական կարգավորումը, կամ այդ երկու գործընթացներից մեկում գրանցված լինի լուրջ առաջընթաց: Բայց սա ամենևին չի նշանակում, որ մենք պետք է ունենանք մի ռեֆլեկտորային օրակարգ: Ես անգլերեն դա կոչում եմ «foreign policy wish-list», բայց սա ամենևին չի նշանակում «foreign policy wishful thinking»՝ ինչ որ ռոմանտիկ մտածողություն. սրանք տարբեր բաներ են:

Մենք պետք է մտածենք, թե ինչպիսին կլինի մեր արտաքին քաղաքականությունը, եթե այս երկու հարցերը լուծված լինեն:

Մեզ համար կարևորագույն երկիր Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք պետք է հասնենք իրական «ռազմավարական» դաշինքի: Այս հարաբերությունները երկուստեք կարող են լինել շահեկան և արդյունավետ, երբ մենք «փոքր եղբոր» կարգավիճակից անցնենք իրական ռազմավարական հարաբերությունների: Այդ դեպքում Ռուսաստանն ինքը կլինի հետաքրքրված, որ Հայաստանը ունենա անկախ արտաքին քաղաքականություն:

Panorama.am: Բայց չէ՞ որ հենց Լևոն Տեր-Պետրոսյանն էր իր 1997թ հայտնի հոդվածում խոսում Ռուսաստանի «անկանխատեսելության» մասին:

Շուգարյան. Այո, խոսում էր: Բայց մենք 1996թ Ռուսաստանի հետ իրոք ունեինք փայլուն հարաբերություններ, իսկ 1997-ին կնքեցինք Բարեկամության Մեծ պայմանագիրը՝ այդպիսով ինստիտուցիոնալացնելով մեր հարաբերությունները:

Panorama.am: Բայց այդ ժամանակ Ռուսաստանն էր թույլ և քանդվող պետություն… Ինչևէ: Որպես վերջին հարց առաջարկում եմ խոսենք հաջորդ տարվա անկանխատեսելիությունների մասին: Հպանցիկ անդրադառնալով ամերիկա-իրանական հարաբերությունների ապագայի թեմային, որը կարող է տարածաշրջանի կերպարը փոխելու իմաստով երկրաշարժ լինել, Ձեր կարծիքով, ինչպես դա կազդի Հայաստանի վրա։ Եթե մի կողմ թողնենք այս խնդրի հնարավոր սառեցումը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից, եթե այնուամենայնիվ կողմերը գնան խոստումները իրականացնելու ուղիով, ինչ կշահի Հայաստանը այս համաձայնագրի իրականացման պարագայում աշխարհի առջև Իրանի վերաբացվելու արդյունքում։

Շուգարյան. Ես կարծում եմ, Հայաստանի կշահի այս առումով: Բացի նրանից, որ մենք պետք է սպասենք այդ կարգավորմանը, մենք կարող ենք նաև օժանդակել այդ կարգավորմանը, բայց ոչ թե որպես միջնորդ, ինչը ծիծաղելի կլիներ: Մենք ունենք փայլուն համայնք Իրանում և Միացյալ Նահանգներում, որոնք նաև շատ ազդեցիկ են: Մեր լոբբիստական կազմակերպությունները կարող են այս կոնտեքստում հանդես գալ օժանդակողի դերում տարբեր միջոցառումների կազմակերպման, պատվիրակությունների փոխանակման, բանավեճերի անցկացման և այլ նման հարցերում: Հայաստանը ինքը կարող է այս հարցում հանդես գալ, իբրև օժանդակող կամուրջ:
Քիչ առաջ մենք քննարկում էինք, թե բացի այսօրվա օրակարգային հարցերից, Հայաստանը ինչ կարող է առաջարկել աշխարհին: Որպես կամուրջ հանդիսանալը թերևս այդ հնարավորություններից մեկն է: Կարծում եմ, ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի այցը Հայաստան շատ կարևոր էր:

Panorama.am: Պարոն դեսպան, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար:

Շուգարյան: Շնորհակալ եմ:
 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}