Պետդեպը հրաժարվել է համեմատել ռուս հաքերների մասին ԿՀՎ զեկույցը Փաուելի ելույթի հետ
Անպատասխանատու կլիներ ապացույցներ բերել, որոնց հիման վրա Վաշինգտոնը եզրակացություն է արել, թե Մոսկվան կապ ունի ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ հաքերային հարձակումների հետ: rt.com-ի հաղորդմամբ, կարծում է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Լրագրողները ԿՀՎ-ի անապացույց զեկույցը համեմատել են ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելի հայտնի ելույթի հետ, որի ժամանակ նա ցուցադրել է իբրև թե կենսաբանական զենք պարունակող անոթը՝ ի ապացույց Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի առկայության մասին իր խոսքերի: Ինչպես պարզվեց ավելի ուշ, Սադդամ Հուսեյնը նման զենք չուներ:
Պետդեպի ամենօրյա ճեպազրույցի ժամանակ RT-ի լրագրող Գայանե Չիչակյանը հարցրել է Ջոն Քիրբիին՝ պետք է արդյոք հասարակությունը կիսի զեկույցում արված եզրակացությունների ճշտության վերաբերյալ վստահությունը՝ հաշվի առնելով, որ որևէ ապացույց չի ներկայացվել: Քիրբին ասել է, որ իր կարծիքով ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ արտակարգ գաղտնի զեկույցի գաղտնազերծված տարբերակում անվտանգության նկատառումներից ելնելով գաղտնի կպահվեն տվյալների աղբյուրները և աշխատանքի մեթոդները: Լրագրողն ընդգծել է, որ նախկինում ԱՄՆ հետախուզական ծառայությունները նույնպես «բարձր աստիճանի վստահությամբ» պնդում էին, որ Իրաքն ունեցել է զանգվածային ոչնչացման զենք, բայց այդ կեղծ գնահատականի հետևանքը աղետալի եղավ:
«Ըստ ձեզ, Ռուսաստանի դեպքում հասարակությունը արժանի չէ, որպեսզի նրան ներկայացվի ապացույցներ»,- շարունակել է Չիչակյանը:
Ջոն Քիրբիի կարծիքով, նպատակահարմար չէ համեմատել 2001 թվականի իրադարձությունները և «ռուս հաքերների» մասին զեկույցը:
«Ոչ ոք չի ասում, որ 2000 և 2001 թվականներին սխալներ չեն եղել: Բայց չէ որ դա եղել է 15 տարի առաջ, և այդ ժամանակվանից ի վեր հետախուզական համայնքում շատ բան է փոխվել»,- հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչը: