ԱՄՆ-ի կոնգրեսի՝ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների օրինագիծը արդեն քննարկվում է
ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ սենատորներ, որտեղ կան ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, շրջանառության մեջ են դրել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծը: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ի ռուսական գործակալությունը:
«Մենք հարձակման ենք ենթարկվել Ռուսաստանի կողմից: Պետք է միջոցներ ձեռնարկել, որոնք ցույց կտան, որ այդպիսի գործողություններն անհետևանք չեն մնա»,-հայտարարել է օրինագիծը ներկայացնող դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը:
Ամերիկյան կողմը կարծում է, որ ՌԴ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին հայտնի է եղել կիբերմիջամտության մասին: Ընտրություններից հետո նրանք տոնել են իրենց հաղթանակը՝ արդյունքները համարելով Մոսկվայի «աշխարհաքաղաքական ձեռքբերումը»:
Ըստ Քարդինի՝ լրացուցիչ պատժամիջոցները պատասխան կլինեն ԱՄՆ-ի անվտանգությանը սպառնացող հաքերային գրոհներին, ինչպես նաև Ռուսաստանի գործողություններին Սիրիայում և Ուկրաինայում:
Օրինագծով նախատեսվում է մասնավորապես ԱՄՆ մուտքի սահմանափակում կիբերհարձակումների համար պատասխանատու անձանց համար և նրանց հաշվեհամարների սառեցում: Փաստաթղթի մշակմանը մասնակցել են հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, դեմոկրատներ Բեն Քարդին և Ռոբերտ Մենենդեսը: