Լիտվան լիովին աջակցում է Հայաստանի հետ բազմակողմ և երկկողմ ձևաչափերում համագործակցության հետագա խորացմանը. Լիտվայի վարչապետ
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հունվարի 11-ին հանդիպել է Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպմանը վարչապետը բարձր է գնահատել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված առաջընթացը և նշեց, որ երկկողմ հարաբերությունները մշակութային, կրթական, գիտական և այլ ոլորտներում զարգանալու մեծ ներուժ ունեն։
Դեսպան Մկրտչյանն ընդգծել է, որ նախորդ տարիների համեմատ երկկողմ առևտրաշրջանառությունը շոշափելի աճ է արձանագրել՝ հայտնելով նաև Լիտվայի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունները զարգացնելու Հայաստանի պատրաստակամության մասին։
Դեսպանը հավելել է, որ տնտեսական դիվանագիտությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի ձևաչափին։ Վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը նշել է հանձնաժողովի հերթական նիստը 2017թ․ անցկացնելու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ Լիտվան լիովին աջակցում է Հայաստանի հետ բազմակողմ և երկկողմ ձևաչափերում համագործակցության հետագա խորացմանը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին, վիզաների ազատականացման գործընթացի հեռանկարներին։
Հանդիպման ավարտին Լիտվայի վարչապետն իր լավագույն բարեմաղթանքներն է հղել ՀՀ վարչապետին՝ միաժամանակ դրականորեն արձագանքելով առաջիկայում Հայաստան այցելելու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերին։