Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ոստիկանը պաշտոնեական կեղծիք է թույլ տվել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՔԾ լրատվական ծառայության փոխանցմամբ, քննությամբ պարզվել է, որ Մ. Բաղդասարյանը, իր տան մոտակայքում ավտոմեքենայով հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել տատին` 83-ամյա Էմմա Խլխաթյանին, որը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով` մահացել է:
Նույն օրը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Հովհաննես Ալեքսանյանն այցելել է բժշկական կենտրոն` համապատասխան արձանագրություն կազմելու նպատակով:
Ոստիկանության աշխատակիցն իր ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու պատրանք ստեղծելու և ստացած հանձնարարության ընթացքն արագ լուծելու անձնական դրդումներով կազմել է կեղծ տեղեկություններ պարունակող երկու արձանագրություն:
Այսպես, չնայած Է. Խլխաթյանի անգիտակից վիճակին` ոստիկանը նրա անունից վերցված բացատրության մեջ կեղծ տեղեկություն է ներառել այն մասին, թե, իբր, տարեց կինը վատ ինքնազգացողության պատճառով ընկել է տան բակում, այսինքն` մարմնական վնասվածքներ ստացել է ոչ թե ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելու, այլ վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանը նաև կազմել է ևս մեկ` «կրիմինալ դեպքերի մատյանը զննելու մասին» պաշտոնական արձանագրություն, որում ակնհայտ կեղծ տեղեկություններ է շարադրել դրա կազմման ժամանակահատվածի վերաբերյալ:
Այսպիսով, պաշտոնեական կեղծիք կատարելու համար Հ. Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: