Եվրոպայի խորհրդում տեղի ունեցավ Գագիկ Հարությունյանի անգլերեն գրքի շնորհանդեսը
Այսօր Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդում, տեղի ունեցավ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի «Սահմանադրական մշակույթ․ պատմության դասերը և ժամանակի մարտահրավերները»(Constitutional culture: The lessons of history and challenges of time) անգլերեն գրքի շնորհանդեսը։Հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը։
Շնորհանդեսին ներկա էին ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ԵԽ-ում ՀՀ դեսպան Պարույր Հովհաննիսյանը, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն, ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրելա Բատանի-Դրագոնին, ՄԻԵԴ դատավորներ, ԵԽ պաշտոնյաներ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը և բազմաթիվ այլ հյուրեր։
Այսօրվա միջոցառումը, ինչպես իր խոսքում ասաց Գագիկ Հարությունյանը, նվիրված է մի քանի իրադարձությունների․ առաջին 16 տարի առաջ հունվարի 25-ին Եվրոպայի խորհրդի առաջ բարձրացվեց Հայաստանի Հանրապետության դրոշը՝ ազդարարելով ԵԽ-ին մեր անդամակցությունը։ Երկրորդ, Վենետիկի հանձնաժողովի ակտիվ աջակցությամբ, մեր երկրում իրականացվեցին Սահմանադրական բարեփոխումներ, և այսօր ԵԽ-ում ներկայացվեց բարեփոխված սահմանադրության 4 լեզվով հրատարակությունը։
«Երրորդ, Ձեզ ենք ներկայացնում նաև «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնը, որը հիմնադրվել է նախորդ տարի՝ 18 երկրների, 39 սահմանադրագետների, ինչպես նաև այս ոլորտի գիտնականների ու հետազոտական կենտրոնների կողմից։
Եվ վերջապես 4-րդը, իմ մենագրության անգլերեն վերահրատարակության շնորհանդեսն է։ Կարող եմ միայն ասել, որ այս մենագրությունը տասնամյակների եռանդուն աշխատանքի արդյունքն է։ Հարուստ պատմական նյութերի ու վերլուծությունների հիման վրա փորձ է արվել ներկայացնել սահմանադրական մշակույթի ու սահմանադրականության խնդիրների ներկայիս զարգացումներն ու առաջարկել դրանց հաղթահարման նոր կոնցեպտուալ մոտեցումներ»,-ասաց Գագիկ Հարությունյանը։
Գիրքն առավել մանրամասնորեն ներկայացրեց Սահմանադրական դատարանի դատավոր, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը։ Ելույթ ունեցան նաև ԵԽ գլխավոր քարտուղարը, ԵԽ-ում ՀՀ դեսպանը, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են