ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շուրջ Ադրբեջանի դժգոհության իրական պատճառն այն է, որ ՀՀ-ին միշտ օրինակ են բերում.Նալբանդյան
«Այցելությունը Վիեննա իմ նախաձեռնությունն է եղել: Իմ առաջարկն էր հանդիպումներ ունենալ ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարարի, գլխավոր քարտուղարի հետ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շուրջ ծավալվող իրադարաձություների վերաբերյալ հարցին, մասնավորապես տեղեկատվություն է պտտվում, որ այս հարցով ձեզ Վիեննա են հրավիրել:
Նախարարի գնահատմամբ, Վիեննայում կայացած հանդիպումները բավականին կարևոր, կառուցողական էին, փոխըմբռնման մթնոլորտում էին անցել, արդյունքներն ակնհայտ էին հենց նույն օրը:
«Կայացավ մշտական խորհրդի նիստ, որի ընթացքում նախագահող երկիր Ավստրիան որոշ մանրամասներ տվեց այս ամբողջ զարգացումների վերաբերյալ: Ասվեց այն մասին, որ մի երկիր, իհարկե, պարզ է, որ խոսքն Ադրբեջանի մասին է, դա ցույց տվեց նաև այդ երկրի դեսպանի պահվածքը, մտահոգություններ ունի, որ ԵԱՀԿ գրասենյակը զբաղվում է գործունեութամբ, որը չի համապատասխանում իր մանդատին, այսինքն ԵԱՀԿ երևանյան գրասենյակը զբաղվում է ականազերծման ծրագրով, որը հակասում է գրասենյակի մանդատին: Իրականում ոչ թե ականազերծման ծրագիր է, այլ ականազերծման իրազեկվածության կրթական ծրագիր, այն էլ շատ փոքր, մեկ տարվա համար 25 հազար եվրոյի մասին է խոսքը:
ԵԱՀԿ-ն ստիպված տարածաշրջան ուղարկեց մի առաքելություն: Եկան, ուսումնասիրեցին, վերադարձան ու զեկուցեցին, որ այդ երկրի մտահոգությունները չեն համապատասխանում իրականությանը, ԵԱՀԿ գրասենյակը գործում է համապատասխան այն մանդատին, որ տրվել է: Չնայած դրան, Ադրբեջանը շարունակում էր դեմ դուրս գալ ու գնաց ավելի հեռու. Ադրբեջանի ներկայացուցիչն ասաց, որ այդ գրասենյակը չպետք է զբաղվի որևէ գործունեությամբ, որը վտանգում է Ադրբեջանի շահերը կամ անվտանգությունը: Ուզում եմ հստակություն մտցնել, որ խոսքը գնում է ոչ թե Հայաստանի գրասենյակի, այլ ԵԱՀԿ՝ Հայաստանում գործող գրասենյակի մասին: Այսինքն Ադրբեջանը դուրս գալով ԵԱՀԿ գրասենյակի դեմ, ԵԱՀԿ-ի դեմ է դուրս գալիս՝ դատապարտելով այս գրասենյակի գործունեությունը, մեղադրելով ԵԱՀԿ-ին, որ սպառնում է Ադրբեջանի անվտանգությանը և պահանջում էր, որ ԵԱՀԿ գործող նախագահողը դրա մասին հայտարարի: Նախ և առաջ դա այդպես չէ, բացահայտ սուտ է, դրա մասին ասաց նաև նախորդ նախագահողը:
Նիստի ժամանակ ներկաները կոչ արեցին բոլոր երկրներին աջակցել գրասենյակի գործունեությանը, բայց առաջարկեցին ձեռնպահ մնալ այդ ծրագրից, քանի որ ԵԱՀԿ-ն գործում է կոնսենսուսի սկզբունքով, իսկ Ադրբեջանը միևնույնն է՝ դեմ է դուրս գալիս: Մենք համաձայնվեցինք: Բոլոր երկրները, նախագահող երկիրը հատուկ հայտարարություն արեցին, որ բարձր են գնահատում Հայաստանի շատ կառուցողական մոտեցումն այս հարցում: Ադրբեջանի ներկայացուցիչը խայտառակ մեկուսացման մեջ հայտնվեց»,- մանրամասնեց նախարարը:
Է. Նալբանդյանի խոսքով, Ադրբեջանի դժգոհության իրական պատճառն այն է, որ Հայաստանին միշտ օրինակ էին բերում, որ Հայաստանն ընդունում է միակ գրասենյակը տարածաշրջանում, լավագույն ձևով համագործակցում է գրասենյակի հետ բոլոր հարթություններում:
Է. Նալբանդյանը պատասխանեց նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարիպաշտոնում Հայաստանի ներկայացուցիչ նշանակելու հարցին: Նա տեղեկացրեց, որ ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստում որոշում արդեն ընդունվել է, որ լինելու է Հայաստանի ներկայացուցիչ, որոշման նախագիծն ուղարկել են ԱԳ նախարարներին՝ առանձին, անձնական կարգով հաստատելու համար:
«ՀԱՊԿ հաջորդ գագաթաժողովին, որը հնարավոր է կայանա ապրիլին, հուսով եմ, որ այս հարցը վերջնական լուծում կստանա»,- ասաց Է.Նալբանդյանը
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շուրջ քննարկումներ ԵԱՀԿ Մշտական խորհրդում
- Սեբաստիան Կուրց. Մենք ԵԱՀԿ երևանյան գրասենյակը փակելու մտադրություն չունենք
- ԵԱՀԿ երևանյան գրասենյակ. Իրավիճակը պետք է կարգավորվի և հասարակական կարգը վերականգնվի օրենքի գերակայությանը համապատասխան