Ներառական կրթությունը դեռ պետք է ճանապարհ անցնի ու կայանա. լոգոպետ
«Ներառական կրթությունը կրթական այնպիսի ծրագիր է, որը բացառում է ցանկացած խտրականություն երեխաների նկատմամբ: Այն երեխայակենտրոն մեթոդաբանություն է ենթադրում իրենից և շատ արդիական է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց լոգոպեդ Անահիտ Ներսիսյանն՝ անդրադառնալով ներառական կրթության առանձնահատկություններին ու դժվարություններին:
Մասնագետի խոսքով՝ ներառական կրթությունը նոր է ձևավորվում մեզ մոտ և այն խիստ անհրաժեշտ է մեր հասարակության համար. «Ներառական կրթությունը լուսավոր կետ է, որով մեր երեխաները կկարողանան սոցիալիզացվել, մտնել հասարակություն, հասարակությունն էլ պետք է պատրաստ լինի կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաներին ընդունել: Սակայն ինչպես ամեն ինչի նորը, այստեղ էլ իհարկե կան բացթողումներ: Ներառական կրթությունը դեռևս այն փուլում է, որ պետք է ճանապարհ անցնի ու կայանա»:
Լոգոպեդը ողջունեց այն, որ ներառական կրթության հետ կապված համագործակցություն կա տարբեր երկրների հետ, և որ մեր մասնագետները գնում են դուրս, զինվում գիտելիքներով, այլ երկրների փորձը բերում այստեղ:
Սրան զուգահեռ, Անահիտ Ներսիսյանը նշեց, որ ինքը նաև հատուկ դպրոցների կողմնակից է. «Այնտեղ իրականացվող աշխատանքը ահռելի է: Հատուկ դպրոցները մեծ դեր ունեին և հիմա էլ ունեն: Այնտեղ հատուկ մասնագետներ են ընտրված՝ ի տարբերություն ներառական դպրոցների: Երեխաները բուն մասնագետների ձեռքի տակ են: Իսկ ներառական հանրակրթական դպրոցներում ուսուցիչները, ովքեր հատուկ մասնագիտացում չեն անցել, վերապատրաստումների կարիք ունեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին