Հաստատվել են 105 միլիոն դոլարի քաղաքաշինական ծրագրեր. Նարեկ Սարգսյան
«Վարչապետի հանձնարարականի համաձայն մենք ներկայացել ենք 2017 թվականի կառուցապատման ներդրումային փաթեթները: Քննարկումների արդյունքում ներկայացված ծրագրերից համարվել են ամբողջապես իրատեսական 105 միլիոն դոլարի քաղաքաշինական ծրագրերը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Նա նշեց, որ իրականում իրենք կառավարությանը ներկայացրել էին 230 միլիոն դոլարի ծրագիր, քննարկումների արդյունքում հաստատվել է 105 միլիոն դոլարի ծրագիրը. «Այս ծրագրերի դեպքում կան ներդրողներ, կա գումար, բանկային երաշխիք, էսքիզային նախագիծ, պետք է ուղղակի աշխատանքային նախագիծ արվի»:
Ն. Սարգսյանն ասաց, որ 105 միլիոն դոլարի ծրագրերի մեջ չեն մտնում այն ծրագրերը, որոնք այս պահին իրականացվում են, ընթացքի մեջ են, մասնավորապես Դվին հյուրանոցը, կրկեսի շենքը, ճանապարհաշինարակական ծրագրերը, փոքր ծավալի շինարարությունները:
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը նշեց, որ ծրագրերի 50 տոկոսն ուղղված է բնակարանաշինությանը (ներդրումների 5 տոկոսն է լինելու պետական բյուջեից, 95 տոկոսը՝ մասնավոր ներդրումներ են), մյուս 50 տոկոսը՝ հյուրանոցային, հասարակական բնույթի այլ շինարարության: Նա նաև տեղեկացրեց, որ ներդրողների 50 տոկոսը տեղացի են, 50 տոկոսը՝ արտերկրից:
Ն. Սարգսյանի խոսքով, իրենք ներդրողներին առաջարկել են նոր մոտեցում, ինչից նրանք ոգևորված են. «Ներդրողներին առաջարկում ենք եռակողմ պայմանագիր. կառուցապատման մասով՝ քաղաքաշինության կոմիտեի հետ, Երևանի մասով՝ Երևանի քաղաքապետարանի, իսկ եթե կան մաքսային, հարկային վարչարարության հետ կապված խնդիրներ, օրինակ՝ շինարարական արտադրանքի ներմուծում, էկոնոմիկայի նախարարության հետ»:
Խոսելով կոնկրետ ծրագրերի մասին, Ն. Սարգսյանն ասաց, որ Երևանի կայարանամերձ հրապարակում գտնվող կիսակառույցը քանդվելու է, տեղում կառուցվելու է նոր բազմաֆունկցիոնալ շինություն՝ հյուրանոցներ, առևտրային, հասարակական, գրասենյակային հատվածներ, հետևի մասում՝ բնակելի հատված:
«Խորհրդային տարիներին այդտեղ քանդեցին «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը, կառուցվեց նոր շենք, սակայն այն անավարտ է, միայն բետոնային մաս է, որը հավաքված է կոնստրուկցիաներով, ինչը մեր նորմերով չենք երաշխավորում: Հավաքովի բետոնե կարկասը կքանդվի»,- ասաց նա՝ հավելելով, որ նոր կառուցապատողը կաշխատի այդ հատվածի ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանի հետ: Ընթանում են նախագծային աշխատանքները, քննարկվում է նախագծային հայեցակարգը: Ներդրողը օտարազգի է: Ն. Սարգսյանն ասաց, որ ներդրողը համաձայնվել է իր առաջարկի հետ և այդ մասում կգործի նաև «Սասունցի Դավիթ» կինոթատրոն, թեև նախապես ծրագրված չի եղել: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 60 միլիոն դոլարից ավելի, այս տարվա համար նախատեսված է 10 միլիոն դոլար: Նախատեսվում է ծրագիրն ավարտել երեք տարում:
Նա նաև ներկայացրեց Երևանում ծրագրված այլ նախագծեր, մասնավորապես Արշակունյաց պողոտայի վրա (նախկին Ձերժինսկու գործարանի տարածքում) հյուրանոցային և վարչահասարակական համալիրի կառուցումը, Ֆիրդուսի տարածքում սկսվելու է մոտ 90 մ. տրամագծով ամբողջապես կոր, օղակաձև նոր հրապարակի կառուցումը:
Ն. Սարգսյանն ասաց, որ ակտիվ բանակցում են այլ նախագծերի իրականացան ուղղությամբ, մասնավոապես Աբովյանի արձանի ետնամասում գտնվող հին ջրամբարի տեղափոխում, նորի կառուցում, այդ հատվածում վարչական խոշոր կենտրոնի կառուցում, Կոնդ թաղամասի մի հատվածի վերակառուցում: