Կիևում անհայտ անձինք ավերել են Եվրամայդանին նվիրված ցուցահանդեսը
Կիևում անհայտ մարդիկ հարձակվել են նկարիչ Դավիդ Չիչկանի՝ Եվրամայդանին նվիրված ցուցահանդեսի վրա, որն անցկացվում է Վիզուալ մշակույթների կենտրոնում: Նյուզռու.քոմ-ը գրում է, որ մի քանի դիմակավոր մարդիկ ներխուժել են շենք, ծեծել թիկնապահին և փչացրել ցուցանմուշների մի մասը, մի քանիսն էլ տարել իրենց հետ: Կենտրոնի մի քանի աշխատակից փակվել են գրասենյակում և կանչել ոստիկանություն: Բայց ոստիկանական ուժերը միայն 40 րոպե անց են հայտնվել դեպքի վայրում:
Ցուցահանդեսի կազմակերպիչները կասկածում են, որ հարձակումն իրականացրել են աջ արմատականները: Նրանք պատմել են, որ անհայտ անձանց առաջին հարձակումը տեղի էր ունեցել փետրվարի 4-ին, երբ նկարիչը պետք է անցկացներ հեղինակային էքսկուրսիա: Դրան նախորդել էին սպառնալիքներ աջ արմատականների կողմից՝ Ֆեյսբուքում: Այդ ժամանակ կենտրոնի աշխատակիցները չեղյալ էին հայտարարել էքսկուրսիան և փակել ցուցադրությունը:
«Կորսված հնարավորություններ» ցուցահանդեսը բացվել է փետրվարի 3-ին: strana.ua-ն գրում է, որ Դավիդ Չիչկան Մայդանի ակտիվ մասնակիցներից է եղել, բայց կարծում է, որ հեղափոխության արդյունքում Ուկրաինան չի հասել ցանկալի նպատակի: Իր գաղափարները նա առարկայացրել է մի շարք աշխատանքներում, որոնք էլ, չնայած արմատականների սպառնալիքներին, ցանկացել է ներկայացրել հանրությանը: