Լուծում չունեմ, չեմ հասկանում` ինչ կարելի է անել. գյուղատնտեսության նախարար
«Լուծում չունեմ, չեմ հասկանում` ինչ կարելի է անել, դա Գյուղատնտեսության նախարարության ուղղությունը չէ, այլ բանկերի, Կենտրոնական բանկի հարթակում պետք է խնդիրը լուծվի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են պատրաստվում նվազեցնել գյուղացիների` բարձր տոկոսադրույքով տրվող վարկերի հարցը:
Նախարարի խոսքերով՝ բանկերը չունեն 24%-անոց վարկեր, դրանք ֆինանսական կառույցներ են` կարճաժամկետ վարկեր տրամադրող, որոնց ոչ վարկունակ գյուղացին դիմում է և վերցնում այդ վարկերը: «Այդտեղ պետությունը չի կարող ասել՝ չգնաս վերցնես, իսկ բանկերն էլ չեն կարող տրամադրել ցածր տոկոսով վարկ, քանի որ համապատասխան տնտեսությունը գրավադրված է»,- ասաց Իգնատի Առաքելյանը:
Գյուղատնտեսության նախարարը նշեց նաև, որ այսօր այդ ուղղությամբ քննարկումներ ընթանում են, սակայն բանկերն այժմ շատ ծանր վիճակում են` պայմանավորված անվերադարձելի վարկերով: «Այստեղ հարցը երկկողմանի է՝ և՛ բանկ, և՛ գյուղացիական տնտեսություն, դրա համար, երևի, դա ամենաբարդ հարցերից է, որի լուծումը ես չունեմ, բայց քննարկման ընթացքում է»,- ընդգծեց Իգնատի Առաքելյանը: