«Լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար հատուկ դպրոցների կարիքը դեռ շատ է զգացվում»
Ամեն տարի մարտի 3-ը նշվում է Լսողության պահպանման համաշխարհային օր: Այն սկսվել է նշվել 2007 թվականից, երբ Պեկինում անցկացվեց Լսողության խանգարումների կանխարգելմանն ու լսողության վերականգնման խնդիրներին նվիրված առաջին միջազգային գիտաժողովը։
Թե Հայաստանում լսողության խնդիր ունեցող քանի հաշվառված մարդ կա և թե լսողական ապարատ քանի հոգու է հատկացված, Panorama.am-ին չհաջողվեց տեղեկատվության ստանալ ոչ առողջապահության նախարարությունից, ոչ էլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Գերատեսչություններից նշեցին, որ ներկա պահին նման տեղեկատվություն չեն կարող տալ, կպատասխաեն միայն գրավոր հարցման դեպքում։
Խուլերի միավորման կենտրոնական վարչության նախագահության քարտուղար Մարիետա Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ ներկա պահին հաշվառված է 1240 մարդ, ովքեր ունեն անդամատոմսեր։
«Սա ընդամենը մեզ մոտ գրանցված մարդիկ են։ Սակայան հանրապետությունում այս թիվն անցնում է 3 հազարը։ Հեռավոր շրջաններում գյուղերում կան մարդիկ, ովքեր չեն գրանցվում չեն հաշվառվում»,-նշեց նա։
Նշենք, որ լսողության պահպանման այս տարվա միջոցառումները նվիրված են երեխաների լսողության խանգարումների կանխարգելմանն ու վերականգնմանը և կրում են «Դարձնենք ձայնը ներդրում» խորագիրը:
Ըստ առողջապահության նախարարության վիճակագրական տարեգրքի՝ 2015 թվականին ստուգումների արդյունքում հանրապետությունում լսողության թուլացումով 0-14 տարեկան 1193 երեխա է հայտնաբերվել։
«Հավատ» վատ լսող երեխաների մայրերի հասարակական կազմակերպության նախագահ Թամարա Մանուկյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ հանրապետությունում մոտ 1300 լսողության խնդիր ունեցող երեխա կա։
Հարցին, թե ինչպես է այսօր կազմակերպվում այդ երեխաների կրթությունը և արդյոք նրանք մասնկացում են ներառական կրթությանը, նա պատասխանեց. «Այս երեխաների մի մասը հաճախում է ներառական դպրոցներ, մի մասը՝ հատուկ։ Ներառական կրթությունը լիարժեք դարձնելու համար պետությունը մեծ ջանքեր է գործադրում, սակայն դեռևս ամեն դպրոց չի կարողանում իրեն ապահովվել անհրաժեշտ մասնագետներով։ Այսօր շատ ներառական դպրոցներում խառնված են հոգեբանի, սուրդոմանկավարժի ու լոգոպետի ֆունկցիաները։ Վատ լսող երեխային սուրդոմանկավարժ է պետք, բայց դպրոցը մի երեխայի համար մի հաստիքի հարց չի կարող լուծել։ Մենք այցելել ենք դպրոցներ և տեսել, որ օրինակ հոգեբանն աշխատում է լոգոպեդի կամ սուրդոմանակավարժի փոխարեն։ Այսօր դպորցներում փորձում են եղած ռեսուրսներով կազմակերպել, բայց դա շատ դժվար է, դեռ շատ բացեր կան»:
Այս առումով Թամարա Մանուկյանը նշեց, որ հատուկ դպրոցների կարիքը շարունակում է զգացվել, քանի որ կան երեխաներ, որոնք պետք է ժեստերի լեզվով սովորեն, իսկ այդ լեզվով դպրոցներում չեն սովորեցնում։