Bloomberg-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Bloomberg գործակալությունը թարմացրել է 500 միլիարդատերերի վարկանիշային ցուցակը, որի առաջին հարյուրյակում են հայտնվել «Նորիլյան նիկել» ընկերության ղեկավար Վլադիմիր Պոտանինը, «Սեվերստալի» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Վեկսելբերգը և USM Holdings-ի հիմնադիր Ալիշեր Ուսմանովը։ Այս մասին գրում է «Իզվեստիա.ռու»-ն։
Ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (85,6 միլիարդ դոլար)։ Երկրորդ հորիզոնականում ձեռնարկատեր և ներդրող Ուորեն Բաֆֆետն է (78,9 միլիարդ դոլար), երրորդում՝ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը (73,5 միլիարդ դոլար)։
Առաջին տասնյակում հայտնվել են նաև իսպանական Inditex ընկերության նախկին նախագահ Ամանսիո Օրտեգան (69,3 միլիարդ դոլար), Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (59,1 միլիարդ դոլար), մեքսիկացի գործարար Կառլոս Սլիմը (53 միլիարդ դոլար)։
Տասնյակն ամփոփում են Չարլզ և Դևիդ Կոխը՝ 41,8 միլիարդական դոլարով, Oracle կորպորացիայի ղեկավար Լարի Էլլիսոնը (45,3 միլիարդ դոլար) և IKEA-ի հիմնադիր Ինգվար Կամպրադը (42,9 միլիարդ դոլար)։
Հարյուր ամենահարուստ ձեռնարկատերերի թվում հայտնված ռուսաստանցիներից են Պոտանինը (51-րդ տեղ, 16,6 միլիարդ դոլար), Մորդաշովը (54րդ տեղ, 16,5 միլիարդ դոլար), Վեկսելբերգը (62-րդ տեղ, 14,8 միլիարդ դոլար) և Ուսմանովը (70-րդ տեղ, 13,9 միլիարդ դոլար)։ Հարյուրյակում է նաև Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի տնօրենների խորհրդի ղեկավար Վլադիմիր Լիսինը՝ 13,9 միլիարդ դոլար կարողությամբ։