Մեր ցուցակից շատերը կարող էին հավասարապես լինել ցուցակի առաջին համարը. Վիգեն Սարգսյան
«Մեծ ճանապարհ անցած, մեծամասնություն ունեցող կուսակցության ցուցակում առաջին տեղը միշտ հարաբերական հասկացություն է այն առումով, որ մեր համապետական ցուցակը բաղկացած է իրենց ոլորտներում առաջինը հանդիսացող բազմաթիվ հարգված և մեծ հեղինակություն վայելող անձանցից, մասնագետներից, մեծ ուղի անցած գործիչներից»,- «Ազատություն» ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդման ժամանակ ուղիղ եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀԿ համապետական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:
Նրա կարծիքով, մի շարք հանգամանքներ համադրելով է ձևավորվում ցուցակի հերթականությունը՝ դա և անցած փորձն է, և կուսակցական անցած ճանապարհը, պետական նշանակության տարբեր ծրագրերի իրականացումը, ներկայումս զբաղեցրած պաշտոնին համաչափ պատասխանատվությունը:
«Դա հարաբերական է և մեր ցուցակից շատերը կարող էին հավասարապես լինել ցուցակի առաջին համարը»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց ցուցակը ներկայացուցչական է:
Պատասխանելով հարցին, որ ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ակտիվ չի մասնակվում քարոզարշավին, Վ. Սարգսյանն ասաց. «ՀՀ նախագահը ՀՀԿ ղեկավարն է, մեր թիմի առաջնորդը: Մեր ծրագրերը, առաջարկած լուծումները, իհարկե, համատեղ աշխատանքի, համատեղ կայացվող որոշումների արդյունք են: Հանրապետության նախագահի մասնակցությունն ընտրարշավին կարող է տարբեր ձևեր ընդունել, տվյալ դեպքում հնարավորությունն ավելի լայն թողել է այն մարդկանց, ովքեր թեկնածուներ են: Վստահ եմ, որ իր խոսքն այս օրերին հնչել է, դեռ հնչելու է»: