Վրաստանում ԱՄՆ դեսպան. Ես անձամբ շատ եմ հետաքրքրվում հայերի պատմությամբ
Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին օրեր առաջ պաշտոնական այցով Ախալքալաքում է եղել, որտեղ հանդիպել է իշխանության ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների հետ, հարցազրույց է տվել jnews.ge կայքին: Սա եղել է դեսպանի առաջին այցը Սամցխե-Ջավախք տարածաշրջան:
«Այցը կապված չէ կոնկրետ ծրագրի հետ: Ես պարզապես ցանկանում էի հանդիպել տեղի առաջնորդներին, և շատ կարևոր է, որ դեսպանը ծանոթանա ամբողջ երկրի հետ:Ես շատ ժամանակ անցկացնում եմ Թբիլիսիում, և ինձ համար ակնհայտ է, որ երկրի իրական պատկերն ստանալու համար անհրաժեշտ է ճանապարհորդել ամբողջ երկրով մեկ, և ես հատկապես ուզում էի այցելել Ջավախք, որովհետև գիտեմ, որ այստեղ կա հայ բնակչություն: Ես անձամբ շատ եմ հետաքրքրվում հայերի պատմությամբ, որովհետև ես Մինսկի խմբում ամերիկացի ներկայացուցիչն էի, որը կարգավորում էր հայերի և ադրբեջանցիների միջև երկխոսության պրոցեսը: Ես նույնիսկ չգիտեի, որ այստեղ խիտ բնակեցված է հայերով, թեև գիտեի, որ Վրաստանում կան շատ հայեր»,- ասել է դեսպանը:
Հարցին, թե Վրաստանի անկախության օրվանից ընթանում է ազգային փոքրամասնությունների ինտեգրման բարդ և երկարատև գործընթաց, ո՞րն է պատճառը, նա ասել է. «Ես կարծում եմ, որ առաջընթաց կա: 25-26 տարին, դա շատ երկար ժամանակ չէ: Իհարկե, մինչ 91 թիվը ընդհանուր լեզուն ռուսերենն էր: Իմ կարծիքով, անհրաժեշտ է, որ ազգային փոքրամասնությունները պահպանեն իրենց մշակույթը և լեզուն: Բայց անհրաժեշտ է մասնակցել երկրի տնտեսությանը, մշակութային կյանքին, անհրաժեշտ է իմանալ պետական լեզուն նույնպես: Ռուսերենը մեծ լեզու է, սակայն, իմ կարծիքով շատ կարևոր է, որ Վրաստանի քաղաքացիները, ոչ միայն Ջավախքի բնակիչները, այլև հատկապես բոլոր երիտասարդները սովորեն անգլերեն, որովհետև անգլերենը 21-րդ դարում տնտեսության լեզուն է»:
Նա այն կարծիքին է, որ Ջավախքի հայերի ինտեգրմանը ինչ-որ չափով խանգարում է հենց ռուսերենը:
Դեսպան Յան Քելլին, խոսելով Ջավախքում նախատեսված ծրագրերի մասին, ասել է. «Կա երկու ուղղություն: Առաջին ուղղությունը դա գյուղատնտեսական արտադրողականության բարելավումն է: Կարծում եմ, որ դա ամենից կարևորն է, քանի որ տարածաշրջանային տնտեսության մեծ մասը դա գյուղատնտեսությունն է, մասնավորապես USAID-ը իրականացնում է այդպիսի ծրագրեր: Երկրորդ ուղղությունը, դա ներդրումներն են: Այստեղ կա օտարերկրյա ներդրողների համար մեծ ներուժ: Ես շատ բան չգիտեմ այս տարածաշրջանի մասին, բայց ընդհանուր առմամբ մենք ուզում ենք ներգրավել ավելի շատ ներդրողների: Ես շատ կցանկանայի բացել բանակցությունները` Միացյալ Նահանգների հետ ազատ առևտրի համաձայնագրի մասին: Վրաստանն ունի այդպիսի համաձայնագիր Եվրոպայի և Չինաստանի հետ: Ուզում եմ, որ նման համաձայնագիր լինի նաև Միացյալ Նահանգների հետ»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: