Որևէ խոշոր գործարար սահմանամերձ համայնքում տնտեսական գործունեություն չի ծավալել. Արմեն Եգանյան
Սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տալու մասին օրենքի ընդունումից հետո համայնքներում նկատվում է որոշակի աշխուժություն: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը:
Հիշեցնենք, որ 2015թ հունվարի 1- ից Հայաստանի 32 սահմանամերձ համայնքներում տնտեսական գործունեություն իրականացնողներն ազատվել են հարկային պարտավորություններից: Կառավարության որոշմամբ՝ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքը ևս կօգտվի հարկային արտոնություններից: Ընդհանուր առմամբ, հարկային արտոնությունից կօգտվի 33 համայնք:
Արմեն Եգանյանը նշեց, որ նման արտոնությունները կարևոր են ոչ միայն նոր արտադրությունների, նոր բիզնեսների ստեղծման համար, այլ նաև՝ արդեն իսկ գործող բիզնեսնների համար, քանի որ այն ընկերություններին հնարավորություն է տալիս ավելի ակտիվացնել բիզնեսը, ինչպես նաև նպաստել մրցունակության և արտադրողականության բարձրացմանը:
Վարչության պետը հայտնեց, որ ներդրումային լայնածավալ ծրագիր ներկայումս միայն իրականացնում է «Տավուշ Տեքստիլ» ընկերությունը: 2015 թվականին Բերդի տարածաշրջանի Չորաթան գյուղում բացված արտադրամասում արտադրվում են տարբեր նշանակության` գյուղատնտեսական, շինարարական ձեռնոցներ:
Արմեն Եգանյանը հայտնեց, որ արտադրամասի սեփականատերը նախատեսում է ընդլայնել բիզնեսը, նոր ֆաբրիկաներ հիմնել մարզի սահմանամերձ այլ համայնքներում:
«Որոշակի աշխուժություն կա, աստիճանաբար բիզնեսը ընդլայնվում է, եթե սկզբնական շրջանում գործարանում կար 40 մեքենա, հիմա դրանց թիվը 500-ից ավելի է»,- ասաց նա:
Նրա խոսքերով՝ ներդրումներ են նախատեսվում նաև սահմանամերձ Ոսկեվան համայնքում: Այստեղ կառուցվում է գարեջրի փոքրիկ արտադրամաս: Արմեն Եգանյանը վստահ է, որ նման արտադրամասերի հիմնումով Տավուշում որոշ չափով զբաղվածության հարցը կլուծվի:
Ըստ նրա՝ պետությունը սահմանամերձ համայքների համար առավել նպաստավոր պայմաններ է ստեղծել: Օրինակ, « ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից տրամադրվող վարկերը Հայաստանի զարգացման հիմնադրամը սուբսիդավորում են ոչ թե երեք տոկոսով, ինչպես մյուս մարզերում է, այլ՝ 7 տոկոսով:
Արմեն Եգանյանը միաժամանակ նշեց, որ դեռևս որևէ խոշոր գործարար սահմանամերձ համայնքում տնտեսական գործունեություն չի ծավալել: Ըստ նրա՝ թեև հետաքրքրվողներ եղել, են, սակայն դեռևս ոչ մի ներրդրում չի կատարվել: