Հաշմանդամություն ունեցող անձիք պետք է ընդգրկվեն օրենսդիր մարմնում.Գոհար Նավասարդյան
«Իմ ուշադրության կենտրոնում է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը: Հաշմանդամություն ունեցող անձիք պետք է կարողանան որակյալ կրթություն ստանալ, աշխատաշուկայում գտնեն իրենց տեղը»,- այսօր Հայաստանի «Հաշմանդամների Փյունիկ միությունում» զինհաշմանդամների և ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորված զինվորների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ համամասնական ցուցակի հաշմանդամություն ունեցող թեկնածու՝ Գոհար Նավասարդյանը։
Նա նշեց, որ շատ լավ տեղյակ լինելով հաշմանդամություն ունեցող անձանց մտահոգող հարցերին, խնդիրներին, որոշել է խորհրդարան մտնելով հասնել նրան, որ իրենք ցանկացած տեղ ներգրավված լինեն։
«Պատրաստվում եմ կուսակցության միջոցով հասնել նրան, որ մենք ցանկացած տեղ ներգրավված լինենք, ու կապ չունի հաշմանդամություն ստացել ենք որևէ հիվանդության կամ որևէ արտակարգ դեպքի պատահարի հետևանքով, թե սահմանին՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, պետք է մասնակից լինենք տարբեր ոլորտներում։ Մենք պետք է հասնենք նրան, որ հաշմանդամություն ունեցող անձինք դառնան օրենսդիր մարմնի մի մասը, որը որոշումներ է կայացնում ամբողջ երկրի համար, իսկ երբ որոշումները կայացվում են առանց հաշմանդամություն ունեցող անձանց մասնկցության, դրանք, մեղմ ասած, թերի են լինում»։
Նշենք, որ հանդիպմանը մասնակցում էին ապրիլյան քառօրյա մարտական գորոծողությունների ժամանակ վիրավորված տղաներից Հայկ Սեխիլյանը, Արման Ավետիսյանը, Հովհաննես Պողոսյանը, Դանիել Դավթյանը, Հայկ Թորոսյանը։
Տղաները, ովքեր վերականգնողական բուժմանը զուգահեռ փորձում են վերադառնալ իրենց բնականոն կյանքին, նշեցին որ մատչելիության խնդիրների են հանդիպում հասարակական տրանսպորտից օգտվելիս, ուսումնական հաստատություն հասնելու ու տեղաշարժվելու ժամանակ։ Շատ քիչ են կամ գրեթե բացակայում են հասարակական տրանսպորտում կամ շենքային պայմաններում այն հարմարությունները, որոնցից կարող են օգտվել տաղաշարժվելու հետ կապված խնդիր ունեցող անձինք։
Մյուս հարցը, որն առավել շատ հուզում էր ներկա զինհաշմանդամներին՝ աշխատանք ստանալու հետ էր կապված։
Նրանց խոսքով՝ երբեմն առանց մարդու գիտելիքներին, կարողություններին ծանոթանալու կարող են մերժվել աշխատանք ստանալ՝ պարզապես հաշմանդամություն ունենալու պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ