Ինչու է փակ եղել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում տեղակայված ընտրատեղամասը
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վստահված անձանց կողմից արձանագրվել էր, որ ժամը 12.30-ի դրությամբ Արշակունյաց 2 հասցեում գտնվող «Դատապարտյալների հիվանդանոցում» տեղակայված 9/62 ընտրական տեղամասը փակ է եղել։
Այսօր առավոտ լրագրողների հետ հանդիպմանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ Հայաստանի տարածքում քվեարկության անցկացման համար կազմավորվել է 2009 տեղամաս, որից 12-ը՝ քրեակատարողական հիմնարկներում: Բոլոր տեղամասերը բացվել են ժամը 08:00-ին, իսկ ՔԿՀ-ներում տեղակայվածները, համաձայն Ընտրական օրենսգրքի պահանջների, կբացվեն ավելի ուշ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախապես սահմանել էր ՔԿՀ-ներում քվեարկության մեկնարկը՝ հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկներում ընտրողների թիվը:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը սկսվել է 11:00-ից, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում` 12:00-ից, մնացած քրեակատարողական հիմնարկներում՝ ժամը 14:00-ից:
Քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածը սահմանում է «Ձերբակալված անձանց պահելու վայրերում և քրեակատարողական հիմնարկներում քվեարկության կազմակերպումը.
1. Ձերբակալված ընտրողները քվեարկությանը մասնակցում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով` շրջիկ արկղի միջոցով: Ձերբակալված ընտրողների քվեարկությունը կազմակերպվում է այն հաշվարկով, որ ավարտվի մինչև ժամը 18.00-ն:
2. Քրեակատարողական հիմնարկներում քվեարկությունը սույն օրենսգրքով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով նախապատրաստում, կազմակերպում է քրեակատարողական հիմնարկի պետը: Քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը անցկացվում է ժամը 9.00-ից հետո` կախված ընտրելու իրավունք ունեցող անձանց թվից: Յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկի համար քվեարկության սկիզբը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այն հաշվարկով, որ քվեարկությունն ավարտված լինի ժամը 20.00-ին:
3. Քրեակատարողական հիմնարկներում գործող տեղամասային ընտրական հանձնաժողովներին տեխնիկական սարքավորումներ չեն տրամադրվում: Այդ հիմնարկներում քվեարկությունն անցկացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: