Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղպտի Եկեղեցու հովվապետին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախօրիեն ցավակցական գիր է հղել Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պետ, Ալեքսանդրիայի Պապ և Համայն Աֆրիկայի Թավադրոս Բ Պատրիարքին` Տանտայի (Եգիպտոս) Մար Գիրգիս եկեղեցում և Ալեքսանդրիայի Ս. Մարկոս եկեղեցու առջև տեղի ունեցած ահաբեկչությունների առիթով, որոնց զոհ են դարձել և վիրավորվել բազմաթիվ անմեղ մարդիկ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության և Հայոց Եկեղեցու հավատացելոց անունից ցավակցություն է հայտնել Նորին Սրբությանը և Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հետևորդներին:
«Այս ծանր պահին Մեր աղոթքներով ու մտքով զոհվածների ընտանիքների և Ձեզ հետ ենք», - նշել է Վեհափառ Հայրապետը՝ դատապարտելով ահաբեկչական գործողությունները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցել է Ամենազոր Աստծուն երկնային օթևաններում հանգստություն պարգևել զոհվածների հոգիներին, մխիթարություն՝ նրանց ընտանիքներին և Քույր Եկեղեցու բոլոր հավատացյալներին:
Հարակից հրապարակումներ`
- Եգիպտոսում ահաբեկչություններից հետո արտակարգ դրություն է մտցվել
- Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին